Հասարակություն
ԱԺ-ում քննարկում են ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նախագիծը
Ազգային ժողովն այսօր քննարկում է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարը խստացնող օրենսդրական նախագիծը, որը խորհրդարանի օրակարգ է հասել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ չորս ամիս առաջ սկսած արշավից հետո։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» երեք պատգամավորների հեղինակած նախագիծը ներկայացրել է Զարուհի Բաթոյանը։ Այսօրվա քննարկման ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Բաթոյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ այս փոփոխությունները չի նախաձեռնել դեռ Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար եղած ժամանակ և արդյոք ինքն անձամբ բռնության զոհ է, որ ստիպված է եղել նախագիծը ներկայացնել։ «Ենթադրենք՝ բռնության զոհ եմ, ինձ դրա համար ամոթա՞նք պետք է տաք», - հակադարձել է Բաթոյանը՝ շեշտելով, որ իրեն ոչ ոք չի ստիպել նախագիծը բերել խորհրդարան։ Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի մի շարք ծրագրեր մեկնարկել են դեռ 2020 թվականին՝ իր նախարար եղած տարիներին, երբ այս ուղղությամբ քննարկումներ ու վերանայումներ են իրականացվել։ Ավելի ուշ, արդեն Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթում, Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն օրենքներ ընդունելով։ «Եթե չի դատապարտվում քաղաքական գործչի նկատմամբ բռնությունը՝ իր շենքի բակում, երբ բացառապես քաղաքական հայացքների համար դաժան բռնության է ենթարկվում, այդ բռնությունը փոխանցվում է այլ ընտանիքներ։ Չի դատապարտվում բռնությունը հանրային տրանսպորտում, երբ բարձրաստիճան պաշտոնյան զինված թիկնապահի ներկայությամբ փաստացի բռնության է ենթարկում կնոջը՝ անչափահաս երեխայի մոտ։ Բռնությունը դա է», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։ Նախագծով ռաջարկվում է ընտանիքում և կենցաղային հարաբերություններում կատարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատիժներ սահմանել։ Նախագծով նաև նախատեսվում է, որ բռնության դեպքերի մասին ոստիկանությանը կարող են հայտնել ոչ միայն տուժողները, այլև դրանց մասին տեղեկություն ունեցող այլ անձինք, իսկ տուժողի՝ բողոքից հրաժարվելը չի դադարեցնի իրավական գործընթացը։
Աղբյուր՝ Ազատություն — Հասարակություն





