Մշակույթ
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ «Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։ Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։ Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք: Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա: Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում«,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ այսօր՝ ԱԺ հերթական նիստի ընթացքում, ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո ծեծկռտուք սկսվեց. պատգամավորները ոտքերով ու ձեռքերով սկսեցին հարվածել միմյանց։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





