Խորհրդարանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքից մեկ ժամ էլ չէր անցել, վարչապետ Փաշինյանը հրապարակային աջակցեց թիմակիցներին, արդարացրեց քաղաքական հակառակորդների վրա բռունցքներով ու աթոռով հարձակվելը: Ըստ նրա՝ դա համարժեք պատասխան էր ընդդիմադիրներին: «Այո՛, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները։ Եվ աջակցո՛ւմ եմ, աջակցո՛ւմ եմ ... աթոռով ա, թե ինչով ա, համարժեք է և ճիշտ է», - հայտարարեց Հայաստանի վարչապետը: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արարքը քրեորեն պատժելի է, նկարագրված է Քրեական օրենսգրքում: «Կոնկրետ Քրեական օրենսգրքում կա հոդված՝ 330-րդ հոդվածը, որը պատասխանատվության է ենթադրում բռնության կոչերի, բռնությունը արդարացնելու համար», - ասում է Կարապետյանցը: Ըստ օրենքի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքից մինչև ազատազրկմամբ: Ավելի խիստ՝ մինչև երեք տարվա ազատազրկում է սահմանում, եթե բռնությունն արդարացնում ու քարոզում են իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, զանգվածային լրատվության միջոցներով: Փաշինյանի ճեպազրույցը հեռարձակում էին տասնյակ լրատվամիջոցներ: Նինա Կարապետյանցի կարծիքով՝ սա չի կարող անհետևանք մնալ. - «Չգիտեմ հասկանում է, թե չէ, բայց այն, որ ինքը ատելության խոսք է տարածում, այն, որ ինքը բռնություն արդարացնում է, և դա չի կարող հետևանքներ չունենալ հանրային ընկալման մեջ, դա միանշանակ է: Մենք այդ հետևանքները տեսնում ենք. անասելի չափով մեծացել են բռնությունները, դանակահարությունները, զենքի գործադրմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Մարդիկ տարրական հարցերում իրար հետ չեն կարողանում հաշտության գալ»: Գլխավոր դատախազությունը, որ արագ գործի է անցնում, երբ սոցցանցերում ընդդիմադիրների մեկնաբանություններում իշխանությանն ուղղված բռնության քարոզի կամ կոչի կասկած է նկատում, ի՞նչ է արել գործադիրի ղեկավարի խոսքերից հետո, բռնության քարոզի կամ արդարացման կասկած չե՞ն տեսնում, Փաշինյանի հայտարարութունը ուսումնասիրո՞ւմ են: Գլխավոր դատախազությունից «Ազատության» հայտնեցին, որ չեն ուսումնասիրում: Փաշինյանի վարքը ոչ թե Քրեական օրենսգրքի, այլ էթիկայի կանոներից է դիտարկում քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը. - «Հասարակ էթիկետի կանոները ենթադրում են բռնությունները դատապարտել, ինչը Նիկոլ Փաշինյանը չի անում և ըստ էության հակառակն է անում: Խրախուսում է, հետևաբար նորից են այդպես անելու», - ասում է նա: Վարչապետն այսօր կուսակիցներից աջակցելուց բացի նաև ասել էր. - «Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի, որ Ազգային ժողովի պատգամավորին խփի, այդ ձեռքը մենք կջարդենք ուղղակի։ Ասում եմ շատ ուղիղ և առանց սեթևեթելու: Պետք լինի աթոռով էլ կջարդենք, շատ ուղիղ եմ ասում»: Իշխանության ուղղությամբ երկարող ձեռքերը աթոռով ջարդելու կողմնակից Փաշինյանը մի քանի օր առաջ Ազգային պատկերասրահում մասնակցում էր ընտանեկան բռնության թեմայով «Լռության էքսպոնատներ» ցուցադրությանը: Նրա կուսակիցներն էլ այս շաբաթ ընտանեկան բռնության դեմ պայքարի միջոցները խստացնող նախագիծ ընդունեցին: Համահեղինակներից է ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը, որ այսօր ջրի շիշ էր փոխանցում «մարտի նետվող» թիմակցին: Նինա Կարապետյանցը պնդում է՝ Փաշինյանի այսօրվա վարքով ապացուցվեց, որ բռնության դեմ նրա ու թիմի օրենսդրական քայլերը «կեղծ են ու ձևական»: Իշխող ուժը առաջին դեմքի մակարդակով խրախուսում է անթույլատրելին, լեգիտիմացնում հանցանքը, որ կարող է շրջվել հենց իրենց դեմ, զգուշացնում է իրավապաշտպանը: «Փաշինյանը պիտի շատ լավ հասկանա, որ ինքը հիմա ուժեղ է այնքանով, որքանով որ ունի իր թիկունքը պահող հատուկ ծառայություններ: Ինքը պիտի շատ լավ հասկանա, որ երբ որ ինքը լեգիտիմացնում է բռնությունը և դա նորմա է համարում, դա նշանակում է, որ վաղը իրենց նկատմամբ էլ կլինի նման վերաբերմունք, երբ որ իրենք չլինեն իշխանություն։ Ինքը շատ լավ պիտի հասկանա, որ դա բումերանգի էֆեկտ է ունենալու և դա մի օր վերադառնալու է իրենց», - ասում է Կարապետյանցը: