ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման կարևոր ուղղություն։ Երկուստեք արձանագրվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը՝ ներառյալ անկանոն միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև վերադարձի և հետընդունման ընթացակարգերի բարելավմանը և սահմանների համալիր կառավարման ոլորտում կատարվող աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։