Հասարակություն
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է այն՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։ «Դատալեքս» համակարգում «Նիկոլ Փաշինյան» անունով որոնումը 175 գործ է բերում։ Դրանցից մոտ 40-ը վերաբերում է վարչապետի հասցեին հնչեցված խոսքերին, որոնք որակվել են որպես խուլիգանություն, բռնությունն արդարացնելու կամ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ։ Մինչդեռ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին «սատկացնելու, կզացնելու» հայտարարությունների առթիվ, ըստ Քննչական կոմիտեի, վարույթ առկա չեն, մինչդեռ նույն բառերը կրկնած քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Factor TV-ն փորձել է պարզել, թե ինչ տրամաբանությամբ են հարուցվում այս գործերը, և արդյոք օրենքը կիրառվում է առանց խտրականության։ Քաղաքացի Արթուր Մինասյանի գրառումը, որում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, քրեական վարույթ նախաձեռնելու առիթ են դարձել։ Փաշինյանը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին «սատկացնելու, կզացնելու» հայտարարություններ էր արել: «Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, Կալուգացուն էլ եմ սատկացնելու։ Եթե դուք Ռոբն եք, ես Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու, Ռոբին կզացնելու եմ ու կզացնելու եմ»,- քաղաքացիների հետ վիճաբանելիս՝ բղավել էր Նիկոլ Փաշինյանը: Այս միջադեպից հետո Factor TV-ն հետաքրքրվել էր՝ արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է Փաշինյանի հայտարարությունների առթիվ, ինչին ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթ առկա չէ։ Factor TV-ի հրապարակումը տեսնելուց հետո Արթուր Մինասյանը, որը ՀԱԿ համակիր է, Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ օգտագործելով վարչապետի բառամթերքը։ «Նիկոլ, որ գամ Հայաստան, քեզ ու ուսապարկերիդ սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»,- գրել էր արտերկրում գտնվող Մինասյանը։ Ի տարբերություն Փաշինյանի հրապարակային խոսքի՝ Արթուր Մինասյանի հրապարակային խոսքը քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է դարձել։ Գրառման դեպքով Քննչական կոմիտեում վարույթ նախաձեռնվել ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է նույն արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Այս արարքի համար պատիժ է սահմանվում առավելագույնը 3 տարի ժամկետով։ Արթուր Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց. լսել է Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունները, կարդացել մեր հրապարակումը, համաձայն որի՝ այս խոսքերի առթիվ վարույթ չի նախաձեռնվել և որոշել փորձարկում անել։ «Մտածեցի՝ այ քեզ հետաքրքիր բան․ իշխանությունն ամբողջ օրը խոսում է հանդուրժողականությունից, չհայհոյելուց, և նախընտրական շրջանում վարչապետն այսպիսի հայտարարություններ է անում։ Որոշեցի թեստ անել ու նույն բառերը հասցեագրել Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, տեսնել՝ ինչ կլինի»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուր Մինասյանը։ Նա նաև հավելեց, որ իր երկրորդային նպատակը ֆլեշմոբն էր․ մտածում էր, որ այլ մարդիկ էլ կմիանան և, գուցե, այդ պարագայում իշխանությունը հասկանա, որ չի կարելի նման բառամթերքով խոսել ժողովրդի մի հատվածի, այդ թվում՝ ընդդիմության հասցեին։ Փաշինյանի արտահայտությունները նույնությամբ կրկնող գրառումից հետո ոչ միայն Քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց, այլ նաև Ֆեյսբուքը սահմանափակումներ կիրառեց Մինասյանի էջի նկատմամբ՝ նրա հրապարակային խոսքը դիտարկելով որպես բռնության կոչ։ Մինասյանի գրառումը ջնջվեց, իսկ նոր գրառումների տեսանելությունն ընկավ։ Արթուր Մինասյանն մեզ հետ զրույցում ընդգծեց․ իշխանությանը թույլատրելի է միայն այն, ինչ սահմանված է օրենքով՝ ի տարբերություն քաղաքացիների, որոնց թույլատրելի է այն, ինչ արգելված չէ, մինչդեռ այս դեպքում ստացվում է որ այն, ինչ թույլատրելի է իշխանություններին, քաղաքացիներին չի թույլատրվում, մինչդեռ պետք է հակառակը լիներ․ եթե իշխանության ամենաբարձր օղակում գտնվող անձն անպատիժ նման հայտարարություն է անում, նշանակում է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նույնը կրկնելու իրավունք։ Դատախազությունը չի հայտնում՝ Փաշինյանի մասին գրառումներով քանի՞ վարույթ է նախաձեռնվել Արթուր Մինասյանը միակ անձը չէ, որի գրառումը քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է դարձել։ Վերջին շրջանում ֆեյսբուքյան գրառման, մեկնաբանությունների համար քրեական վարույթներ են նախաձեռնել նաև այլ անձանց նկատմամբ, ընդ որում՝ խոսքը ոչ միայն հետևորդների մեծ թիվ ունեցող և հանրության կողմից ճանաչում ունեցող անձանց, այլև ընդամենը մի քանի հարյուրի հասնող լսարան ունեցող անձանց գրառումների մասին է։ Օրինակ՝ գործերից մեկով քաղաքացին ցանկություն էր հայտնել, որ անօդաչուն հարվածի Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակաբյանին սպասարկող ինքնաթիռին և հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումների հետ կապված քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սակայն կառույցից հայտնել են, որ առանձին անձանց առնչվող վարույթների վերաբերյալ վիճակագրություն չեն վարում։ Թե քանի գործ է այս պահին նախաքննության փուլում, մեզ հայտնի չէ և առկա չէ նաև դա ստուգելու գործիքակազմ։ Այնուամենայնիվ, քրեորեն պատժելի խոսքի վերաբերյալ վարույթների պատկերը որոշակիորեն պարզ է դառնում «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա գործերի ուսումնասիրությամբ։ Սակայն այս դեպքում պատկերն ամբողջական լինել չի կարող։ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում որոնման միջոցով երևում են միայն այն գործերը, որոնցով արդեն իսկ դատավճիռ կա, իսկ թե քանի գործ է այս պահին քննվում, հնարավոր չէ պարզել որևէ գործիքակազմով։ «Նիկոլ Փաշինյան» անունով որոնում կատարելիս «Դատալեքս»-ում այս պահին 175 գործ է գտնվում։ Դրանցից մոտ 10-ը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին, 2 տասնյակի հասնող գործերում պարզապես այս կամ այն հանգամանքով պայմանավորված՝ շոշափվել է Փաշինյանի անունը, մյուս գործերի ճնշող մեծամասնությունն առնչվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հրապարակային խոսքին, մասնավորապես՝ նրա նկատմամբ բռնության ենթադրյալ կոչերին, իշխանությունը զավթելու ենթադրյալ կոչերին կամ հայհոյանքով ուղեկցվող ենթադրյալ խուլիգանությանը։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտ 40 գործ վերաբերում է Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերին, որոնք որակվել են խուլիգանություն, բռնությունը արդարացնելու կոչ, բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ։ Առավել մեծ թիվ են կազմում ծանր վիրավորանքի առնչությամբ դատական ակտերը․ սակայն այս հոդվածն այժմ ապաքրեականացված է, ուստի՝ առանձին անդրադարձ չենք կատարի այս հոդվածով դատավճիռների բովանդակությանը։ Ստորև ներկայացնում ենք մեր ուսումնասիրած գործերից առավել ուշագրավները։ Քաղաքացի Կարին Մուրադյանը ֆեյսբուքում մեկնաբանություն կատարել «ադրբեջանական դրոշի փոխարեն Նիկոլ Փաշինյանի մորուքը» վառելու վերաբերյալ ու դարձել մեղադրյալ։ «Մյուս անգամ խնդրում ենք դրոշի տեղը ադրբեջանական այլ իր վառել: Օրինակ` Նիկոլ Փաշինյանի թրաշը»,- 2023 ապրիլին գրել է Մուրադյանը, որը եղել է Գյումրիի համայնքապետարանի աշխատակից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Այս գրառումը դիտարկվել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ուղղակի դիտավորությամբ կատարված բռնություն գործադրելու հրապարակային կոչ։ «Այսպիսի արտահայտությունների հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում հետպատերզմական ժամանակահատվածում ստեղծված լարված քաղաքական իրավիճակի համատեքստում կարող էր առաջացնել վտանգավոր հետևանքներ, ընդհուպ՝ անձանց կյանքի և առողջության դեմ ոտնձգությունների տեսքով, իր հերթին՝ այն ազդեցություն է ունեցել հանրույթի որոշակի շերտերի ինքնության և արժանապատվության վրա, քանի որ խնդրո առարկա արտահայտություններն արժանացել են տարատեսակ մեկնաբանությունների»,- նշվել է Կարին Մուրադյանի մեղադրանքում։ Դիտարկենք, որ այս շրջանում Փաշինյանը դեռևս չէր սափրել մորուքը։ Հավանաբար, Դատախազությունը համարել է, որ այս բռնության կոչը կարող է իրականություն դառնալ։ Դատախազությունը, պետական ռեսուրսներ ծախսելով, գործը հասցրել է դատարան, սակայն դատարանը ճանաչել և հռչակել է Մուրադյանի անմեղությունը։ «Սատկացնել թրքահպատակ նիկոլաթայֆին»․ ահա այս գրառումն էլ պատճառ է դարձել քաղաքացի Սիլվի Անուշ Հաջյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սիլվի Անուշ Հաջյանը 2025 թվականի ապրիլի 24-ին ֆեյսբուքի իր էջում կատարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնային և գործունեության առանձնահատկություններին, կերպարին և գործողություններին ուղղված անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն։ Ըստ մեղադրանքի՝ «Սատկացնել թրքահպատակ նիկոլաթայֆին» արտահայտությունը նպաստում է Փաշինյանի նկատմամբ ընթերցողի մոտ բացասական կարծիքների ձևավորմանը, բացասական հույզերի և զգացողությունների առաջացմանը, նրան հակադրվելու, նրա նկատմամբ անհանդուրժող լինելու, ագրեսիվ և թշնամական գործողություններ կատարելու մտայնության ձևավորմանը»: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սիլվի Անուշ Հաջյանը դատարանում ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։ Սա նշանակում է, որ չի առարկել մեղադրանքի դեմ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու պատիժ նշանակել տուգանք 750 հզր դրամի չափով։ Դիտարկենք, որ այս քաղաքացին իր հրապարակային խոսքում օգտագործել էր Փաշինյանի բառերից ընդամենը մեկը՝ «սատկացնել», սակայն, փաստացի, քրեական պատասխանատվության է ենթարկվել ու պատիժ կրել՝ տուգանքի տեսքով։ Մեկ այլ քաղաքացի՝ Անդրանիկ Օգանեսյանը 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին արված «Kaxецек гй**ин» արտահայտության համար։ Այս քաղաքացին ևս արագացված վարույթ է պահանջել։ Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 900 հազար դրամը։ Քաղաքացի Էդգար Կարապետյանը 750 հազար դրամ տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ ֆեյսբուքի իր էջում գրել է՝ «Ժամանակն է սպանել» Твох николик (Пора убить»։ Քաղաքացի Սեդրակ Մանուկյանի նկատմամբ 100 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ կատարելու պատիժ է նշանակվել ֆեյսբուքում «Կախաղան ետ բ**ի տղուն» գրառման համար։ Այս մեղադրյալը ևս արագացված վարույթ է պահանջել՝ համաձայնելով իրեն առաջադրված բռնության հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքի հետ։ Քաղաքացի Լենդրոշ Գրիգորյանն․ ըստ մեղադրանքի՝ 2025թ. մարտի 26-ին՝ ««Ուզում եք վերև թռեք, իջեք ցած, Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու». Փաշինյանը ԱԺ-ում» վերտառությամբ հրապարակման մեկնաբանությունների բաժնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակային՝ այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող մեկնաբանություն է կատարել՝ հիշատակված հրապարակման ներքո՝ մեկնաբանությունների բաժնում նշելով՝ «սատկացնել շան նման», այդ կերպ նաև հրապարակայնորեն քարոզել և արդարացրել է նման բռնությունը»։ Այս գրառման համար Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 1 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի փորձաշրջան։ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ Փաշինյանի հասցեին գրել է՝ «այս վիժվածքին պետք է օր առաջ սատկացնել»։ Արագացված վարույթով քննելով գործը՝ դատարանը Մովսիսյանի նկատմամբ պատիժ է նշանակել 680 հազար դրամը և նրան թույլատրել գումարը մաս- մաս վճարել։ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հանրային քրեական է հետապնդում է հարուցվել հետևյալ գրառման համար․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»։ Նշենք, որ Ադոլֆ Հիտլերը՝ նացիստական Գերմանիայի բռնապետը, 1945 թվականի ապրիլի 30-ին, Բեռլինի անկման նախօրեին, ինքնասպան է եղել։ Իսկ նրա մերձավոր աջակիցը՝ նացիստական քարոզչության նախարար Յոզեֆ Հեբելսը, 1945 թվականի մայիսի 1-ին կնոջ հետ թունավորել է իր վեց երեխաներին, ապա ինքնասպան եղել։ Դատախազությունն այս գործը ևս հասցրել է դատարան, սակայն դատարանն արդարացրել է Ադիբեկյանին։ Մեկ այլ քաղաքացու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ճանապարհի երթևեկելի հատվածում բողոքի ակցիա իրականացնելու և Փաշինյանի հասցեին հայհոյանք պարունակող պաստառ պարզելու համար։ 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արամ Մայիլյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ստվարաթղթի վրա մարկերով գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված վիրավորանք և հայհոյանք պարունակող արտահայտություն («Նիկոլ հողատու բ**ի տղա»)։ Այնուհետև դուրս է եկել ավտոճանապարհահատված, նստել երթևեկելի գոտում՝ պարզելով պաստառը, խոչընդոտել անցնող ավտոմեքենաների ազատ երթևեկությանը և ի ցույց դնելով հիշյալ պաստառը՝ խախտել մարդկանց անդորրը: Արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Դատարանը Արամ Մայիլյանին ճանաչել է մեղավոր և նրա նկատմամբ սկզբնապես նշանակել տուգանք՝ 375,000 ՀՀ դրամի չափով։ Հաշվի առնելով նրա՝ 3 օր (2026 թ. օգոստոսի 13-16-ը) ձերբակալված լինելու հանգամանքը՝ պատիժը մեղմացվել է 75,000 դրամով, և սահմանվել է վերջնական պատիժ՝ 300,000 ՀՀ դրամ տուգանք։ Մեր կողմից առանձնացված գործերի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այս հղոմով։ Գործերի մի ստվար զանգված վերաբերում է ծանր վիրավորանքին, որն այժմ ապաքրեականացված է։ 2021 թվականին Քրեական այն ժամանակ գործող օրենսգիրքը լրացվեց ծանր վիրավորանքի հոդվածով։ Սկզբնական շրջանում մեծ թվով գործեր հարուցվեցին, որոնք մեծամասամբ վերաբերում էին իշխանության ներկայացուցիչներին վիրավորելուն։ Ուժի մեջ մտնելուց 10 ամիս անց հոդվածն ապաքրեականացվեց, և ընթացքի մեջ գտնվող գործերը կարճվեցին։ Դրանից հետո՝ 2022-ից սկսած գործեր հարուցվեցին խուլիգանության, իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և բռնության հրապարակայնորեն արդարացնելու հոդվածներով։ Կարելի է դիտարկել, որ եթե նախկինում հայհոյանքը դիտարկվում էր որպես ծանր վիրավորանք, ապա այժմ այն հոդվածները, որոնցում հայհոյանք կա, դիտարկվում է որպես համացանցի միջոցով խուլիգանություն։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը դիտարկում է, որ դատարան ուղարկված գործերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է կա՛մ վարչապետին, կա՛մ իշխող ուժի ներկայացուցիչներին ու նրանց հարող, նրանց հետ ասոցացվող անձանց։ Մելիքյանի խոսքով՝ եթե անգամ կան այլ անձանց վերաբերյալ նախաքննության ընթացքում գտնվող գործեր, միևնույնն է, այն հանգհամանքը, որ դատարան ուղարկված գործերի ճնշող մեծամասնությունը իշխող ուժի ներկայացուցիչների առնչությամբ է, ցուցիչ է այն մասին, որ այլ անձանց վերաբերյալ գործերն ավելի դանդաղ են քննվում և դատարան չեն հասնում։ «Ավելին՝ նկատել եմ, որ իշխանության ներկայացուցիչներին ուղղված խոսքի առումով մոնիթորինգ իրականացնում է հենց ոստիկանությունը, այսինքն՝ իր նախաձեռնությամբ է որոնում նման գրառումներ, ոչ թե սպասում է հաղորդում լինի տուժողից կամ այլ շահագրգիռ անձից, այսինքն՝ իրենք պրոակտիվ այդ քրեական գործերը հարուցում են: Նույն բանն իրենք չեն անում այլ գրառումների դեպքում: Համենայնդեպս, դատական գործերի ուսումնասիրությամբ նման եզրահանգում չեմ կարող անել, որ այլ հասցեատերերին ուղղված համանման գրառումները կամ արտահայտությունները նույն ճակատագրի են արժանանում»,- դիտարկում է Մելիքյանը։ Մելիքյանի խոսքով՝ շատ դեպքերում գրեթե ապացույց չի ներկայացվում, գործով փորձաքննություն չի նշանակվում, այլ պարզապես քննիչի վերլուծության հիման վրա մեղադրական դատավճիռներ են կայացվում, որ այս կամ այն միքտը ատելության խոսք է պարունակում, խուլիգանություն է և դրանում հանցակազմ կա։ Հարկ է ընդգծել նաև, որ դեպքերի մեծ մասում, երբ մեղադրյալները քաղաքական դերակատարներ չեն, արագացված դատաքննություն են պահանջում։ Այս դեպքում գործի ըստ էության քննություն չի իրականացվում, ապացույցներ չեն հետազատվում, արարքին տրված որակման հարցերը չեն քննարկում; Մելիքյանը նկատում է, որ այս դեպքերում մեղադրյալ անձի նպատակը ոչ թե արդարադատության հասնելն է, այլ այն, որ գործն արագ փակվի, ինքը ստեղծված իրավիճակից հնարավորինս թեթև վնասով դուրս գա։ Իրավապաշտպանը նաև խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ գրառում կատարողները հաճախ մեծ լսարան ունեցող անձինք չեն, այսինքն՝ նրանց խոսքը չի կարող լայն տարածում ստանալ, և սպառնալիք ստեղծել, բայց մարդիկ խոսքի համար անազատության մեջ են գտնվել կամ ազատազրկման դատապարտվել։ Որպեսզի խտրական մոտեցում ցուցաբերելու ռիսկը նվազեցվի, և հստակեցվի, թե որ խոսքին պետք է քրեադատավարական ընթացակարգով գնահատական տալ, վաղուց առկա են միջազգային ստանդարտներ։ Մելիքյանը հիշեցնում է ՄԱԿ-ի սահմանած Ռաբաթի գործողությունների ծրագիրը, որով սահմանում են չափանիշներ՝ գնահատելու համար, թե ատելության խոսքի որ դեպքերը կարող են հասնել այնպիսի վտանգավորության աստիճանի, որ արդարացվի դրանց քրեականացումը։ Այն ընդունվել է 2012 թվականին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) նախաձեռնած փորձագիտական քննարկումների արդյունքում, կարևոր ուղեցույց է խոսքի ազատության և ատելության հրահրման միջև սահմանը որոշելու համար և սահմանում է չափանիշներ՝ գնահատելու համար, թե ատելության խոսքի որ դեպքերը կարող են հասնել այնպիսի վտանգավորության աստիճանի, որ արդարացվի դրանց քրեականացումը։ Մասնավորապես՝ ծրագիրն առաջարկում է կիրառել վեց բաղադրիչից բաղկացած շեմային թեստը (Six-part Threshold Test)՝ որոշելու համար, թե արդյոք կոնկրետ արտահայտությունը պետք է քրեական պատասխանատվություն առաջացնի։ Ըստ այդմ՝ պետք է գնահատել հետևյալ հանգամանքները։ Ի՞նչ սոցիալական, քաղաքական և պատմական իրավիճակում է հնչել խոսքը։ Կա՞ արդյոք լարվածության, հակամարտության կամ թիրախավորված խմբի նկատմամբ բռնության վտանգ։ Ո՞վ է խոսողը։ Արդյոք նա քաղաքական գործի՞չ է, պետական պաշտոնյա, հանրային հեղինակություն կամ ազդեցիկ անձ, որի խոսքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Արդյո՞ք խոսողի նպատակն է հրահրել խտրականություն, թշնամանք կամ բռնություն։ Պարզապես վիրավորական կամ անընդունելի արտահայտություն անելը դեռ ինքնին չի ապացուցում այդ մտադրությունը։ Խոսքի բովանդակություն և ձև Ի՞նչ է ասվել, ինչպե՞ս է ասվել, արդյո՞ք խոսքը պարունակում է բռնության կոչեր, ապամարդկայնացում կամ թիրախավորված խմբի նկատմամբ ատելություն հրահրող ուղերձներ։ Որքա՞ն լայն լսարանի է հասել խոսքը։ Որտե՞ղ է հրապարակվել, քանի՞ մարդ է այն լսել կամ տեսել, ինչպիսի՞ն է տարածման եղանակը։ Որքանո՞վ է հավանական, որ խոսքը կհանգեցնի խտրականության, թշնամանքի կամ բռնության։ Որքանո՞վ է այդ վտանգն իրական և մոտալուտ։ Այս թեստը այս տարի Վճռաբեկ դատարանը կիրառել է Պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով՝ նրան մեղավոր ճանաչելով այն բանի համար, որ աշակերտների ներկայությամբ, դասի ժամանակ ասել է՝ «Փաշինյանին պետք է վառել»։ Ինչպե՞ս են իրավապահները եկել եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին «սատկացնելու, կզացնելու, չոքացնելու» խոսքը քրեորեն պատժելի չէ․ այն վերոնշյալ թեստի չափանիշների համատեքստում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ատելության խոսքի դեմ պայքարն առաջին հերթին խոցելի խմբերին պաշտպանելու համար է Այն, որ Հայաստանի սոցիալական ցանցներում և հրապարակային խոսքում ատելության խոսք առկա է, իրավապաշտպան Մելիքյանը չի հերքում, բայց դրա դեմ պայքարի ձևը ոչ թե ցանկացած խոսք քրեական դաշտում դիտարկելն է, այլ օրենսդրությունը զարգացելը։ «Օրինակ՝ վարչական պատասխանատվություն սահմանել, եթե կարիք լինի կամ այլընտրանքային որևէ այլ գործիքակազմ, որով հնարավոր կլինի ինչ-որ չափով ազդել խոսքի որակի վրա։ Մելիքյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքի դեմ պայքարը կամ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարը միջազգային իրավունքի տեսանկյունից նրա համար է ստեղծվել, որպեսզի խոցելի խմբերին պաշտպանեն, սակայն հայաստանյան պրակտիկան հակառակ ուղղությամբ է զարգանում, և այս խոսքից պաշտպանվելու իրավունքից առավելապես օգտվում են իշխանության ներկայացուցիչները։ Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





