Հրազդանում ընտրությունները կարելի է մեկ բառով նկարագրել. ցուրտ է։ Ընտրատեղամասերը, որոնք այցելել ենք, ջեռուցում չկա։ Միայն մեկ ընտրատեղամասում էին էլեկտրական տաքացուցիչներ միացված։ Դրանք հանձնաժողովի անդամներն իրենց միջոցներով էին բերել, և չնայած դրան՝ տարածքը չէր տաքանում։ Ջրառատ թաղամասի 26/24 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Վաղինակ Կոտանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ջրառատի դպրոցը կենտրոնական ջեռուցման համակարգ ունի, սակայն այն միացնելու համար անհրաժեշտ է Կոտայքի մարզպետարանի թույլտվությունը։ Նրա խոսքով՝ դպրոցի դահլիճում էլեկտրական վարդակների հզորությունը բավարար է միայն մատնահետքի սարքերը միացնելու համար։ 26/29 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Թեհմինե Փաշինյանն էլ հայտնեց, որ առաջին անգամը չէ, որ ընտրություններն անցկացվում են դպրոցի սպորտդահլիճում։ Հանձնաժողովը խնդրել է փոխել ընտրատեղամասի տարածքը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատասխանել են, որ թիվ 10 ավագ դպրոցը հատկացրել է սպորտդահլիճը։ Ընտրատեղամասերը բաց են առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն։ Այդ ընթացքում քվեասենյակների դռները պետք է բաց լինեն՝ ընտրողների մուտքն ապահովելու համար։ Հանձնաժողովների անդամները ստիպված են ամբողջ օրվա ընթացքում աշխատել ցուրտ պայմաններում՝ վերարկուներով։ Հիշեցնենք, որ Հրազդանի ավագանու ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։