Երևանում շարունակվում է COP17-ը: Համաժողովի առաջին շաբաթվա քննարկումները վերաբերել են կենսաբազմազանության մասին կրթությանը, տվյալների հասանելիությանը, ինվազիվ տեսակների դեմ պայքարին և բնապահպանական նախաձեռնություններում կանանց մասնակցությանը։ Համաժողովին զուգահեռ հայտարարվել է Սևանա լճի և «Սևան» ազգային պարկի պահպանության ու վերականգնման ծրագրերի մասին: Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում քննարկվող ուղղություններից մեկը կրթությունն է։ Ներկայացվել է Կենսաբազմազանության վերաբերյալ կրթության գլոբալ գործողությունների ծրագիրը, որը մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, բնիկ ժողովուրդների, կանանց և երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ: Երկրները կարող են կիրառել այն կամավոր հիմունքներով: Ծրագիրը ենթադրում է, որ երկրները պետք է կենսաբազմազանության վերաբերյալ կրթությունը ներառեն Ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում և գործողությունների ծրագրերում: Կենսաբազմազանության և բնապահպանության թեմաները պետք է ներառվեն երկրների պաշտոնական կրթական ծրագրերում: Ծրագրից ակնկալվող հիմնական արդյունքը մարդ-բնություն կապի և կենսաբազմազանության պահպանության գիտակցման ամրապնդումն է, կրթողների և կրթական համակարգերի կարողությունների զարգացումը: Կրթության ոլորտում ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվությունը երկրները պետք է ներառեն իրենց ազգային զեկույցներում: Կրթությանը զուգահեռ քննարկվում է նաև այն հարցը, թե երկրներն ինչպես են հավաքում, փոխանակում և օգտագործում կենսաբազմազանության մասին տեղեկությունները։ Տեղեկատվության փոխանակման մեխանիզմին վերաբերող փաստաթղթով նախատեսվում է բարելավել տվյալների հասանելիությունն ու ամրապնդել ազգային տեղեկատվական համակարգերը։ Հատկապես զարգացող երկրները խնդիրներ են ունենում Տեղեկատվության փոխանակման մեխանիզմի աշխատանքային ծրագրի և Գիտելիքի կառավարման ռազմավարության իրականացման ուղղությամբ: Ըստ այդմ, այլ կառավարություններին ու կազմակերպություններին կոչ է արվում տրամադրել ֆինանսական և տեխնիկական աջակցություն կարողությունների զարգացման համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զարգացող, առավել թույլ զարգացած երկրներին, փոքր կղզի-պետություններին և անցումային տնտեսությամբ երկրներին: Բացի այդ, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը հանձնարարվում է աշխատել համակարգերի համատեղելիության և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ, բարելավել հաշվետվությունների առցանց գործիքը և տեղեկությունների որոնումն ու օգտագործումը Կոնվենցիայի կայքում՝ ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներով։ Տվյալների հավաքումն ու փոխանակումը կարևոր տեղ ունեն նաև ինվազիվ օտարածին տեսակներին վերաբերող փաստաթղթում։ Երկրների ներկայացրած տեղեկությունների հիման վրա պետք է մշակվեն գիտական ուղեցույցներ՝ ինվազիվ տեսակների վաղ հայտնաբերման, տվյալների հավաքման ու փոխանակման, արագ արձագանքման համար։ Ինվազիվ տեսակների ազդեցության, ներթափանցման և հատկապես միջազգային և առցանց առևտրի միջոցով տարածման վերաբերյալ տվյալների հավաքագրումը, պահպանումն ու փոխանակումը պետք է բարելավվեն: Խորհուրդ է տրվում «Մեկ առողջություն» (One Health) մոտեցման կիրառմամբ ամրապնդել միջոլորտային և անդրսահմանային համագործակցությունն այս ոլորտում: Առաջարկների թվում է նաև արհեստական բանականության օգտագործումը՝ ինվազիվ տեսակների հայտնաբերման համար, հետազոտական կարողությունների ամրապնդումը, գլոբալ նշանակության ինվազիվ տեսակների ու ազգային ցանկերի վերաբերյալ տեղեկատվության ընդլայնումը, փորձի փոխանակման համար առցանց ֆորումի կազմակերպումը: Այս ամենը, սակայն, կողմերն առաջարկում են անել՝ ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում: Կենսաբազմազանության պահպանության միջոցառումներից բացի՝ քննարկումները վերաբերում են նաև դրանցում տարբեր խմբերի մասնակցությանը։ «Գենդերային գործողությունների ծրագրի» (2023-2030թթ.) վերանայման նախագծով Կողմերին կոչ է արվում ներառել գենդերային մոտեցումներ կենսաբազմազանությանն առնչվող բոլոր նախաձեռնություններում: Ծրագրի մշտադիտարկումը հեշտացնելու համար կողմերը պետք է բարելավեն ըստ սեռի, տարիքի և այլ չափանիշներով տարանջատված տվյալների հավաքագրումը: Միջազգային ֆինանսական կառույցներին, այդ թվում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին կոչ է արվում աջակցել գենդերազգայուն նախաձեռնություններին, իսկ այն ծրագրերը, որոնք ղեկավարում են կանայք, ֆինանսավորել ավելի պարզ ընթացակարգերով: Այս ծրագրի վերջնական վերանայումը և արդյունքների ներկայացումը տեղի կունենա մինչև COP19-ը: Կոնվենցիայի շուրջ քննարկումներին զուգահեռ որոշումներ են ընդունվել նաև դրան կից երկու արձանագրությունների շրջանակում։ Կարթագենայի արձանագրության շրջանակում ընդունվել է 8 որոշում: Դրանք հիմնականում վերաբերում են կենսաանվտանգության կանոնների գործնական կիրառմանը․ երկրներին հորդորվում է ժամանակին ներկայացնել հաշվետվությունները, թարմացնել կենսաանվտանգության մասին տեղեկատվությունը միջազգային Բիոանվտանգության տեղեկատվական փոխանակման հարթակում: Կողմերը պետք է նաև ուժեղացնեն գենետիկորեն փոփոխված կենդանի օրգանիզմների հայտնաբերման ու նույնականացման կարողությունները։ Նագոյայի արձանագրության շրջանակում հոկտեմբերի 23-ին առանց փոփոխությունների ընդունվել են երկու որոշումներ՝ պարտավորությունների կատարման և հաշվետվությունների վերաբերյալ։ Արձանագրությունն ընդհանուր առմամբ կարգավորում է գենետիկական ռեսուրսների հասանելիությունն ու դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար բաշխումը: Կատարման մասին որոշումը կոչ է անում երկրներին գործնականում ապահովել իրենց պարտավորությունները՝ ներառյալ անհրաժեշտ ազգային կարգավորումները և տեղեկության հրապարակումը Օգուտների հասանելիության և բաշխման տեղեկատվական հարթակում։ COP17-ի օրերին՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարվել է Սևանա լճի վերականգնման ու պահպանության ծրագրի մասին: Վերջինիս իրականցման համար ԵՄ-ն Հայաստանին է տրամադրելու 1,53 մլն եվրո: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ուժեղացնել Սևանի կենսաբազմազանության մոնիթորինգը, բարելավել ձկնային պաշարների կառավարումը, վերականգնել գետերի հուներն ու ափերը՝ Սևանի իշխանի վերարտադրության համար կարևոր վայրերում, գնահատել անտառների վիճակը և աջակցել «Սևան» ազգային պարկի անտառային տնկարանին։ Մեկ այլ ծրագրի մասին հայտարարվել է հոկտեմբերի 25-ին: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Է հաստատել «Սևան» ազգային պարկի վերականգման ծրագրի համար: Ծրագիրը մշակել է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Այն իր հերթին պետք է բարելավի «Սևան» ազգային պարկի կառավարումը, վերականգնի դեգրադացված բնական կենսամիջավայրերը և ամրապնդի կենսաբազմազանության մշտադիտարկումը։ Շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար էլ նախատեսված է տեղական նախաձեռնությունների համար: Վերջիններս պետք է օգնեն համայնքներին համատեղել կայուն եկամուտն ու բնության պահպանությունը: