Հասարակություն
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում, հայտարարությունների ժամին Գարիկ Սարգսյանն անդրադարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ ընթացող քննարկումներին։ Սարգսյանը պնդեց, որ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների նախապատմության մեջ կարևոր տեղ է ունեցել Մեղրիի շրջանի փոխանակման հարցը։ «27 տարի առաջ այս օրը այս դահլիճի մի քանի աթոռներ ներկվեցին կարմիր գույնով։ Պատճառը կրկին Մեղրիի շրջանն էր, որը ձեր քաղաքական նախահայրերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստում, կողմ էին արտահայտվել, որպեսզի Մեղրիի շրջանը փոխանակվի Լաչինի հետ»,- հայտարարեց նա։ Սարգսյանի խոսքով՝ այդ տարբերակին դեմ էին արտահայտվել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ձեռնպահ էր մնացել։ Անդրադառնալով ներկայում քննարկվող տրանսպորտային և ենթակառուցվածքային ծրագրերին՝ պատգամավորը դրանք հակադրեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ նախկինում շրջանառվող մոտեցումներին։ «Այսօր կրկին քննարկվում է, ձեր խոսքերով, «Զանգեզուրի միջանցքը», բայց քննարկվում է այն համատեքստում, որ կա հստակ պայմանավորվածություն, կա փաստաթուղթ, կա երկրագնդի թիվ մեկ պետության երաշխավորությունը այդ փաստաթղթի տակ։ Եվ այսօր բերել, նսեմացնել այդ ստրատեգիական և ենթակառուցվածքային նախագիծը «Զանգեզուրի միջանցքի» հետ համեմատության առումով անթույլատրելի է»,- ասաց Սարգսյանը։ Նա նաև պնդեց, որ «Զանգեզուրի միջանցք» խոսույթը ադրբեջանական կողմին տրվել է նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։ ««Զանգեզուրի միջանցքի» իրավունքը, խոսույթը ձեր քաղաքական նախահայրերն են տվել ադրբեջանական կողմին՝ սակարկության և փոխանակման առարկա դարձնելով Հայաստանի Հանրապետության մի ամբողջ շրջան, որի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք»,- հայտարարեց նա։ Ելույթի ավարտին Սարգսյանը քննադատեց ընդդիմությանը՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 27-ի տարելիցի օրը փորձ է արվում կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ «Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





