Մշակույթ
Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը։ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2026թ. սեպտեմբերի 2-ից մինչև օրս, երբ Գ. Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, նույնիսկ մեկ րոպե ոտքի վրա չի կանգնել։ Ողնաշարի խնդիրների պատճառով մշտապես պառկած է։ Արդեն առաջանում են պառկելախոցեր, բացառված չէ նաև թոքաբորբի առաջացումը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ պարբերաբար դիմել են Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն բժշկական կենտրոն՝ ստացիոնար բուժման, սակայն տարբեր պատճառաբանություններով պահանջը չի բավարարվել։ Կալանքի երկարացման հարցը քննարկելու ժամանակ վատացել է Գ. Խաչատրյանի ինքնազգացողությունը։ Ցավերի պատճառով նիստն ընդմիջվել է, նրան ցավազրկող են ներարկել։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, 2026թ. սեպտեմբերի 2-ին որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։ Քննչական կոմիտեն 2026թ. սեպտեմբերի 1-ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





