Մշակույթ
«Խելացի» անասնաշենքերի ծրագիրը ձախողած շահառուներից բռնագանձում են փոխհատուցման գումարն ու հաշվեգրված տոկոսները
Էկոնոմիկայի նախարարությունը 2022թ․-ից սկսել է հայցադիմումներ ներկայացնել «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ու դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով փոխհատուցում ստացած քաղաքացիների դեմ՝ գումարները հետ գանձելու պահանջով։ Կառավարությունը ծրագիրն ընդունեց 2019թ․ ապրիլին՝ նպատակ ունենալով կենդանիների պահման պայմանները բարելավելու միջոցով բարձրացնել կենդանիների կաթնատվության և մթերատվության ցուցանիշները։ Ծրագրի տևողության՝ 2019–21թթ․-ի ընթացքում նախատեսվում էր կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք։ Ընդ որում, 30-ը պետք է կառուցվեր 2019թ․-ին, 100–ական անասնաշենք՝ 2020 և 2021 թվականներին։ Էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցում տրամադրելու պայմանագրեր է կնքել 103 քաղաքացու հետ։ Նախարարության տվյալներով՝ «խելացի» անասնաշենքեր ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ մինչև 2025թ․-ը կառուցվել է ընդամենը 58 անասնաշենք: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի են նախարարության ներկայացրած տասը հայցը, որոնցով շահառուներից պահանջում է պետբյուջե վերադարձնել տրամադրված գումարները՝ 11,5 մլն-ից մինչև 17,5 մլն դրամ։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները բավարարել են հայցերից 7-ը, հաստատել են կողմերի միջև կնքված մեկ հաշտության համաձայնություն, մերժվել է երկու հայցադիմում։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Տաթև համայնքի Շինուհայր գյուղի բնակիչ Արարատ Գալստյանից 11 մլն 500 հազար դրամ բռնագանձելու պահանջը։ «Խելացի» անասնաշենքեր ծրագրի շահառու Ա․ Գալստյանը էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիրը կնքել է 2020թ․-ի սեպտեմբերի 2-ին: Նախարարությունը նրան փոխհատուցում է տրամադրել անասնաշենք կառուցելու համար, որտեղ պարտավորվում էր պահել 20-25 գլուխ խոշոր եղեջերավոր կենդանի։ Կենդանիները պետք է ձեռք բերեր իր միջոցներով, և անասնաշենքն առնվազն հինգ տարի օգտագործեր նպատակային։ Նախարարության մոնիթորինգի արդյունքում կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ անասնաշենքը չի շահագործվում։ Շենքի տեխնոլոգիական ապահովվածության կարգավիճակի գնահատման համաձայն՝ մի շարք պահանջներ չեն համապատասխանում սահմանվածին։ Նախարարությունը 2023թ․ հունիսի 1-ի գրությամբ Ա․ Գալստյանին առաջարկել է երկամսյա ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները և ապահովել 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) առկայությունը։ Մոտ երեք ամիս հետո նախարարությունն իրականացրել է երկրորդ մոնիթորինգը և արձանագրել, որ պատասխանողը միջոցներ չի ձեռնարկել անասնաշենքն օգտագործելու համար։ Արարատ Գալստյանը դատարանին հայտնել է, որ 2022թ. մարտի 1-ին էկոնոմիկայի նախարարության աշխատակցի էլեկտրոնային հասցեին տարեկան հաշվետվություն է ուղարկել, որով հայտնել է, որ ներկա պահին ունեն ընդհանուր 16 գլուխ ԽԵԿ (5 հատ կով, 2 երինջ, 4 մոզի, 3 հորթ, 2 ցուլ): Ունեն 3 ծնած կով, որից օրական 10-13 լիտր կաթ են ստանում և իրենք են մշակում: Ներկայումս արոտավայրի և անասնակերի հետ կապված խնդիրներ կան: Եթե կարողանա մատչելի գնով անասնակերի հարց լուծել, այլ ոչ թե մեկ հակ խոտը 2000 դրամով գնել, գլխաքանակը կավելացնի: Մեկ տարի հետո՝ 2023թ. մարտին, նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկված տարեկան հաշվետվությունով հայտնել է, որ ունեցել են ընդհանուր 19 ԽԵԿ (7 գլուխ կով, 4 մոզի, 6 հորթ և 2 ցուլ): Կովերից 1 գլխի հաշվով ստացել են մոտավորապես 1700 լիտր կաթ, որից իրենք պանիր են արտադրել: Հաշվետվության համաձայն` 44-օրյա պատերազմից հետո համայնքն արոտավայրի խնդիր ունի: 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի՝ Սյունիքի վրա հարձակվելու հետևանքով պատասխանողը անասուններն արոտավայր տանելու հնարավորություն չի ունեցել, որի մասին գրավոր տեղեկացրել էր նախարարությանը, և այն մնացել էր անպատասխան: Տեղեկացրել է նաև, որ արոտավայր չլինելու պատճառով տեղական անասուններ այլևս չեն պահելու: Ցանկանում են ֆերման համալրել տոհմային անասուններով և զբաղվել տոհմային անասնապահությամբ: Դիմել են և՛ Կառավարությանը, և՛ էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի օգնեն տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։ Ֆերման համալրելուց հետո կաթի մշակման արտադրամաս կհիմնեն, որն էլ 3-4 մարդու համար հիմնական աշխատատեղ կարող է դառնալ: Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը 2023թ. հունիսի 1-ի գրությամբ Ա․ Գալստյանին հայտնել է, որ նախարարությունը 2023թ. մարտի 13-ին իրականացրել է տարեկան ընթացիկ մոնիթորինգ և անասնաշենքում 2 գլուխ ԽԵԿ է արձանագրել։ Նաև՝ առկա են անասնաշենքի տեխնոլոգիական ապահովվածության անհամապատասխանություններ: Առաջարկել է շտկել դրանք և ապահովել 20-25 գլուխ ԽԵԿ-եր, այլապես տրամադրված 11.5 մլն դրամ գումարը ենթակա կլինի վերադարձման։ Պայմանագրի համաձայն՝ Արարատ Գալստյանը անասունների գլխաքանակն իր միջոցներով պետք է ապահովեր։ Վերջինս նախարարությանը տեղեկացրել է, որ ֆինանսական կառույցները Շինուհայր գյուղում անշարժ գույք (բնակարան, անասնաշենք) չեն գրավադրում և վարկ չեն տրամադրում: Շահառուն առանց վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն չունի ձեռք բերելու տոհմային ԽԵԿ-եր: Դատարանին հայտնել է նաև, որ շինարարությունն ավարտելուց հետո ֆերման սկսել են շահագործել: 2022թ. մայիսից մինչև սեպտեմբեր անասունները պահել են Սիսիան համայնքի Նորավան գյուղի սարերում: Սակայն, թշնամու սեպտեմբերյան հարձակումից հետո անասունները մի կերպ հանել են այդ տարածքից։ Որոշ ժամանակ հետո վաճառել են՝ հաշվի առնելով մի շարք խնդիրներ` երկրի պատերազմական վիճակը, ֆինանսական կորուստ ունենալու վախը, արոտավայրերի պակասը, անասնակերի թանկ լինելը և այլն: Մարտ ամսին ունեցած 2 կովն էլ մայիսին են վաճառել: Դատարանին հայտնել է նաև, որ պայմանագիրը կնքելուց 25 օր հետո՝ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին, սկսվել է պատերազմը։ Հայտարարված զորահավաքի շրջանակներում նոյեմբերի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 17-ը զորակոչվել է զինվորական ծառայության, հետևաբար չէր կարող զբաղվել ֆերմայով: 2023թ․-ին, պատերազմից հետո կրկին բիզնեսը զարգացնելու միջոցներ է ձեռնարկել։ Մասնավորապես, արոտավայրեր է ձեռք բերել և ձմեռային պաշարներ, նաև՝ անասունների գլխաքանակն է ավելացրել: «2024թ. հունվարի 27-ից ֆերման կրկին շահագործվում է: Ներկա պահին ունեն 12 գլուխ անասուն, որից 10-ը հղի կովեր են, երկուսը` մոզի ու դեռ քանակն ավելանալու է: 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ իմացել է, որ իր դեմ հայց է ներկայացվել և իր բանկային հաշիվների ու գույքի վրա արգելանք է դրված: Դատարանը մերժել է Էկոնոմիկայի նախարարության հայցը՝ բռնագանձել պետական բյուջեից տրված 11․5 մլն դրամը։ Նախարարության վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել է, այժմ՝ վճռաբեկ բողոք է ներկայացվել, որով դեռևս որոշում չի կայացվել։ Էկոնոմիկայի նախարարությունը դատարանում պարտվել է ևս մեկ գործով․ 2025թ․ փետրվարին հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Գասպարյանին տրամադրված 17 մլն 500 հազար դրամ փոխհատուցումը պետական բյուջե հետգանձելու պահանջով։ Կողմերի միջև, գումար տրամադրելու պայմանագիրը կնքվել է 2020թ.–ի սեպտեմբերի 8–ին։ Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի և տեղազննության իրականացման բաժինը Արմեն Գասպարյանի Կոտայքի մարզի Արգել բնակավայրում գտնվող տնտեսությունում տեղազննություն է իրականացրել։ Կազմել է արձանագրություն, ըստ որի՝ ծրագրի պահանջներին համապատասխանող անասնաշենքում առկա են բոլոր սարքավորումները: Շահառուն ունեցել է 41 գլուխ շվից ցեղատեսակի կովեր, սակայն 2 ամիս առաջ ամբողջը վաճառել է: 2024թ․ հունվարի 31-ի գրությամբ Արմեն Գասպարյանը նախարարությանը հայտնել է, որ իր շվից ցեղատեսակի կենդանիների մոտ հայտնաբերվել էր մթերատվության, վերարտադրողական համակարգի և այլ խնդիրներ։ Դրանք շտկելու, վերացնելու միջոցառումները ֆինանսական մեծ ռեսուրսներ էին պահանջում, որոշ դեպքերում՝ նաև երկար ժամանակ։ Ուստի, վերոնշյալ վիճակի մասին անասնապահական անկախ խորհրդատվությունը հիմք ընդունելով՝ վաճառել է ամբողջ գլխաքանակը։ 2024թ․ մայիսի 16-ին նախարարությունը կրկին տարեկան ընթացիկ մոնիթորինգ է իրականացրել, որի արդյունքում արձանագրել է, որ 2023թ․ հունվարից ԽԵԿ չի պահվել անասնագոմում։ Կթի սրահը ապամոնտաժված է։ Նախարարությունը 2024թ․ սեպտեմբերին շահառուին տեղեկացրել է, որ ծրագրով տրամադրված փոխհատուցման գումարը՝ 17 մլն 500 հազար դրամը, մեկամսյա ժամկետում փոխանցի նախարարության հաշվեհամարին։ Շահառուն պահանջը չի կատարել, նախարարությունը գումարը հետ գանձելու պահանջով դիմել է դատարան։ Ա․ Գասպարյանի փաստաբանը դատարանին միջնորդել է հայցային վաղեմություն կիրառել, քանի որ նախարարությունը պատասխանողի խախտումներ կատարելու մասին պետք է իմացած լիներ 26.01.2022 թվականից սկսած: Ա. Գասպարյանի անասնաշենքը շահագործման է հանձնվել 17.03.2021թ․-ին։ Պայմանագրի համաձայն՝ հաշվետվությունը պետք է ներկայացվեր մինչև 25.01.2022թ․-ը։ Ընդ որում, այդ խախտումը որպես առանցքային խախտում և հայց ներկայացնելու հիմք, դատական նիստի ընթացքում, մատնանշել է հենց նախարարության ներկայացուցիչը: Նախարարությունը խախտման մասին գիտեր 26.01.2022թ․-ից սկսած, հայցային վաղեմության 3-ամյա ժամկետը ավարտվել է 26.01.2025թ․-ին՝ հայցը ներկայացնելուց 9 օր առաջ: Դատարանը հայցը մերժել է հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով: Նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռևս չի քննվել։ Մեկ գործով Էկոնոմիկայի նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել շահառուի հետ և այն ներկայացրել են դատարանի հաստատմանը։ Նախարարությունը 2022թ. ապրիլին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Երևան քաղաքի բնակիչ Հայկ Բադալյանից 17 մլն 500 հազար դրամ բռնագանձելու պահանջով: Շահառուին գումարը տրամադրվել էր «խելացի» անասնաֆերմա կառուցելու համար, որը չի իրականացրել։ Հայկ Բադալյանը շտապել է հաշտության համաձայնություն կնքել նախարարության հետ։ Համաձայնագրով կողմերն ընդունել են, որ Հայկ Բադալյանի չվճարած ժամկետանց պարտավորության գումարի չափը 2023թ․ մարտի 20-ի դրությամբ կազմում է 17,5 մլն դրամ։ Դրան հավելվել է Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքի գումարը սկսած՝ 29.04.2022թ. մինչև համաձայնագրի կնքման օրը, որը կազմում է 1 մլն 864 հազար դրամ, ինչպես նաև 525 000 դրամ դատարան դիմելու համար վճարված պետական տուրքի գումարը։ Պատասխանողի պարտավորության գումարի չափն ընդամենը 19.889 հազար դրամ է, որը ժամանակացույցի համաձայն՝ պետք է վճարի 7 տարվա ընթացքում։ Վճարումը սկսել է 2023թ. ապրիլից մինչև 2030թ. հունիս ամիսը։ էկոնոմիկայի նախարարությունը 2026թ․ հունվարին հայց է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչ Սևակ Ջառահյանի դեմ՝ գումարի գանձման պահանջով: 2024թ․ հուլիսի 11-ին իրականացվել է տարեկան կրկնակի մոնիթորինգ և արձանագրվել է, որ անասնաշենքը կրկին չի շահագործվում: Շահառուին առաջարկվել է ծրագրով տրամադրված փոխհատուցման գումարը մեկամսյա ժամկետում փոխանցել նախարարության հաշվեհամարին, որը ևս չի կատարվել: 2025թ․ ապրիլի 8-ին Սևակ Ջառահյանը էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացրել է, որ 2023թ․ մայիսից եղել է անասունների փնտրտուքի մեջ։ Ավելի քան տասը տնտեսությունում կատարել է կովերի ստուգիչ կիթ, որտեղ կովի օրական միջին կաթնատվությունը կազմել է 15 լիտրից ոչ ավել: Այդ ժամանակահատվածում մասնագիտական աջակցություն է խնդրել նախարարությունից` աջակցել իրեն տարեկան գոնե 4000 լիտր կաթնատվություն ունեցող կովեր ձեռք բերելու հարցում: Մինչև տարեվերջ իր ուզած անասունները չունենալու դեպքում պատրաստ է վերադարձնել պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված գումարը: էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը մինչև 2025թ․-ի տարեվերջ ժամանակ տրամադրելու վերաբերյալ Սևակ Ջառահյանի խնդրանքը մերժել է, քանի որ նա «պայմանագրի դրույթները և դրանց հիման վրա նախարարության պաշտոնական մի շարք գրություններով տրված առաջարկներն ու ցուցումները չի կատարել»: Դատարանը բավարարել է նախարարության հայցը: Որոշել է Սևակ Ջառահյանից բռնագանձել 17.5 մլն դրամ փոխհատուցման գումարը, 574 709 դրամ պետական տուրքը: Հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 1.656.986 դրամ` որպես պարտավորության գումարի նկատմամբ 2025թ․ ապրիլի 13-ից մինչև 2026թ․ հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսներ: Ինչպես նաև 2026թ․ հունվարի 27-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկվող տոկոսները: Դատական ակտը չի բողոքարկվել։ Մնացած՝ բավարարված 7 հայցերից մի քանիսով շահառուները որևէ բացատրություն չեն ներկայացրել «խելացի» անասնաֆերման չկառուցելու կամ չշահագործելու վերաբերյալ։ Ոմանք էլ ծրագրի ձախողումը պատճառաբանել են կորոնայի համավարակի հետևանքով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներով։ Դրան հաջորդել են Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, որոնց հետևանքով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել: Սակայն դատարանը դրանք չի ընդունել որպես անհաղթահարելի ուժի ազդեցություն։ «Պայմանագրով նախատեսված է եղել, որ եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին: Տվյալ դեպքում, արտակարգ դրությունը Հայաստանի ամբողջ տարածքում շարունակվել է երեք ամսից ավելի, մինչդեռ շահառուները պայմանագիրը լուծելու պահանջ չեն ներկայացրել»,- նշվում է դատական ակտերում։ Գլխավոր լուսանկարում՝ 3-րդ մոդելի «խելացի» անասնաշենք Գեղարքունի մարզի Դպրաբակ գյուղում
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





