Մշակույթ
ԱՄՆ փոխնախագահը կապ է հաստատել Իրանի ղեկավարության հետ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցների փոխանցմամբ՝ Վենսը փորձում է պարզել՝ արդյոք Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են ընդհանուր եզրեր գտնել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու առաջիկա շաբաթներին Իրանի դեմ չտալ կարճատև, բայց ինտենսիվ ռազմական հարվածներ հասցնելու վերջնական հրաման։ Աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Վենսը Ռեզայիին նամակն ուղարկել է Թրամփի հանձնարարությամբ։ The Wall Street Journal-ը Մոհսեն Ռեզայիին բնութագրում է որպես Իրանում կոշտ քաղաքականության ամենաազդեցիկ կողմնակիցներից մեկին։ Ռեզային 1980-ականներին ղեկավարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ այդ պաշտոնում պաշտոնավարելով ամենաերկարը։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Իրանի հետ կապ հաստատելու Վենսի առաջարկին։ «Նրանք դեղորայքի և այլ տարբեր բաների հարցում օգնության կարիք ունեն։ Նա հարցրեց, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Ես ասացի՝ եթե ուզում ես դա անել, խնդիր չկա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ, Reuters գործակալության տվյալներով, կատարցի միջնորդները Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծ։ Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Դոհան ներկայացրել է «անընդունելի գաղափարներ», որոնք հնարավոր չէ նույնիսկ առաջարկ համարել։ 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ն և Իրանը մի քանի ամիս տևած հարվածներից հետո համաձայնության էին եկել հրադադարի շուրջ։ Սակայն կարճ ժամանակ անց կողմերը միմյանց մեղադրել էին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Այդուհանդերձ, Հորմուզի նեղուցում նավագնացությունը մասամբ վերականգնվել է։ Նեղուցը փակվել էր փետրվարին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Հոկտեմբերին The New York Times-ը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները մշակել են Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածներ հասցնելու մի քանի տարբերակ։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին Պենտագոնը Թրամփին հինգ անգամ ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու առաջարկներ, սակայն ԱՄՆ նախագահը մերժել է դրանք։ Նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո տարածաշրջանում հնարավոր «կարճ, բայց ինտենսիվ» ռազմական գործողությունների մասին։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Լուսանկարը՝ REUTERS/Daniel Cole/File Photo
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





