Հասարակություն
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2008 թվականին Արգավանդ համայնքում անցկացված հողամասի աճուրդը, որի արդյունքում 0,12 հա մակերեսով հողատարածքը վաճառվել էր համայնքի նախկին ղեկավարի որդուն։ Դատարանն անվավեր է ճանաչել նաև առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը կվերադարձվի Մեծամոր համայնքին։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Արմավիրի մարզի դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 24-ին պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի նախկին ղեկավարի և նրա որդու՝ 0.12 հա մակերեսով հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 19-ի վճռով՝ բավարարվել է Արմավիրի մարզի դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի (նախկինում համայնք) 0.12 հա մակերեսով հողամասի 2008 թվականի մայիսի 11-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք՝ նաև Արգավանդ համայնքի և համայնքի նախկին ղեկավարի որդու միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը»։ Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





