Մշակույթ
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկմամբ պարզվել են «Էներգաչափ» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի՝ 2003 թվականի մասնավորեցման մրցույթի ընթացքում հաղթողի ընտրության հիմնավորման, մրցակցային պայմանների պահպանման և գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական ծառայությունից։ «Մասնավորապես, մրցույթում մյուս մասնակցի բացահայտ առավելությունների պայմաններում, չպարզաբանված հանգամանքներում հաղթող է ճանաչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կ․ Դ․-ին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը։ Հաղթողի ընտրության գործընթացին ակտիվորեն միջամտել է ՀԷՑ-ի տվյալ ժամանակահատվածի տնօրեն Ե. Գ․-ն, ինչի հետևանքով գնորդի համար ստեղծվել է մրցութային պայմաններով չնախատեսված առավելություն, որն ազդել է մրցույթի վերջնական արդյունքի վրա։ Մասնավորեցման մրցույթին մասնակցել են «Գոլդեն Ռուֆ» ՍՊԸ-ն և անհատ ձեռնարկատեր Ս․ Հ․-ն։ «Գոլդեն Ռուֆ»-ն առաջարկել է ընկերության բաժնետոմսերը ձեռք բերել 98 մլն դրամով և երեք տարվա ընթացքում կատարել 380 մլն դրամի ներդրում, մինչդեռ մյուս մասնակցի առաջարկած ներդրումների ընդհանուր չափը կազմել է 1.34 մլրդ դրամ, նախատեսված աշխատատեղերի թիվը նույնպես ավելի մեծ է եղել։ Թեև արձանագրված ներդրումների ընդհանուր չափը կազմել է 380.665 մլն դրամ, սակայն դրանց հետագա ծախսման ուղղություններն ու նպատակային օգտագործումը լիարժեք գնահատելու համար փաստաթղթեր չեն եղել։ Հիմնադիրների և մասնակիցների նկատմամբ 1.259 մլն դրամ պարտավորության մարման վերաբերյալ հաստատող փաստաթուղթ նույնպես չի հայտնաբերվել։ Նույն ժամանակ 180 աշխատակցի համար չի ապահովվել պայմանագրով նախատեսված 75 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը։ «Էներգաչափ»-ի գույքի մի մասը 2004 թվականից վարձակալության է տրվել ՀԷՑ-ին։ Նույն թվականի փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2.306 մլրդ դրամ։ Մշտադիտարկման արդյունքներով արձանագրված հանգամանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն՝ համապատասխան իրավական գնահատական տալու և օրենքով սահմանված ընթացքն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





