Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում արագ աճում է։ Պաշտոնական տվյալներով՝ ներկայում մեր երկրում արևային էներգիային բաժին է ընկնում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 16%-ը։ Սակայն մենք այս ոլորտի մասին քիչ ենք տեղեկացված։ Արդյո՞ք այն համակարգված է, արդյո՞ք ոլորտում ներգրավված ընկերություններն ունեն լիցենզիաներ, անվտա՞նգ են, որքանո՞վ կարող ենք մեր հույսը դնել արևի վրա, ի՞նչ խախտումներ են անում արտադրողները և ովքե՞ր են նրանց վերահսկում։ «Հետքը»՝ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի (ԱԷՀԱ) հետ համատեղ, առաջիկայում մի քանի հաղորդումներով և հոդվածներով կփորձի բացել այս փակագծերը։ Այս նախագիծը մենք անվանել ենք «Բաց էներգիա»։ Այսօրվա մեր հյուրը «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի» (ԱԷՀԱ) համահիմնադիր, գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանն է։