Մշակույթ
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատական քննության փորձը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Փարիզում է՝ մասնակցելու «Ապաստանի և ներգաղթի գործերով դատական քննությունը նոր դարաշրջանում․ քաղաքականության և իրավունքի գերակայության միջև» միջազգային համաժողովին։ «Այցի ընթացքում ԲԴԽ նախագահը պատվիրակության անդամների հետ հանդիպել է Ֆրանսիայի ապաստանի իրավունքի ազգային դատարանի նախագահ Թոմաս Անդրյուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ապաստանի գործերով մասնագիտացված դատարանի գործունեության առանձնահատկություններն ու առավելությունները, Ֆրանսիայի փորձը, դատարանի պատմական զարգացումը և հետագա համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է արվել նաև ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու գաղափարին և այդ ուղղությամբ ֆրանսիական փորձի ուսումնասիրությանը։ Քննարկման առարկա են դարձել նաև ապաստանի տրամադրման վարույթներում ազգային անվտանգությանն առնչվող և գաղտնի տեղեկատվության օգտագործման հարցերը, այդ տեղեկատվությանը դատարանի ու դիմումատուի հասանելիության առանձնահատկությունները՝ արդար դատաքննության երաշխիքների ապահովման համատեքստում»,- ասված է Դատական դեպարտամենտի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ Դատական դեպարտամենտի
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





