Քաղաքականություն
Ալիևը Հայաստանից պահանջում է տեղեկություններ անհետ կորածների մասին, Երևանն արձագանքում է
Ադրբեջանի նախագահը Երևանից պահանջել է տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց հնարավոր հուղարկավորման վայրերի վերաբերյալ ունեցած «ողջ տեղեկատվությունը»։ Բացի այդ, Իլհամ Ալիևը պնդել է, թե «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի համապատասխան արխիվները բացելու և վկաների ցուցմունքները հավաքելու համար»։ Ուղերձ հղելով Բաքվում անհետ կորածների հարցով միջազգային համաժողովին՝ Ալիևը պնդել է, որ նման տեղեկությունների տրամադրումը ոչ միայն «իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն» է, այլև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը։ «Մարդկանց ճակատագրին վերաբերող տեղեկությունները չպետք է քաղաքական պայմանավորվածության առարկա դառնան», - հայտարարել է նա, անհետ կորածների հարցը կապելով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ։ «Կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, պահանջում է վստահության ամրապնդում և հակամարտության մարդասիրական հետևանքների վերացում։ Անհետ կորածների ճակատագրի պարզաբանումն այս գործընթացի անբաժանելի մասն է», - հայտարարել է նա։ Հայաստանի արտգործնախարարն այսօր խորհրդարանում, արձագանքելով այս մասին հարցին, ասել է, թե սա նոր պահանջ չէ Բաքվի կողմից։ Ավելին, Միրզոյանը պնդել է, թե «սա պահանջ չէ, սա Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեման է»։ «Մենք մեր անհետ կորածներն ունենք, մենք մեր այլ հումանիտար հարցերն ունենք։ Մեր օրակարգի մշտական հարցն է անհետ կորածների և պատանդառված անձանց հարցը։ Այդ հարցը քննարկվել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման ժամանակ՝ Բիշքեկում։ Իմ և Բայրամովի վերջին հանդիպման ժամանակ ևս այդ հարցը քննարկվել է Նյու Յորքում»,- ասել է Միրզոյանը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, Գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը, ըստ տեղական լրատվամիջոցների, այսօր հայտնել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ նմուշներ տրամադրել՝ ազատագրված տարածքներում հայտնաբերված և, ենթադրաբար, հայ զինծառայողների աճյունների ինքնությունը նույնականացնելու համար։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, այդ ԴՆԹ պրոֆիլները Հայաստանը Բաքվին փոխանցել է այս տարվա հունվարին, սակայն ադրբեջանական կողմը «փորձաքննությունները որևէ համընկնում չի արձանագրել այդ տարածքներում հայտնաբերված աճյունների և անհետ կորած համարվող ազգությամբ հայ 50 անձանց ԴՆԹ տվյալների միջև»։ Նագիևը հայտնել է, որ 2025 -ի փետրվարից Ադրբեջանն ու Հայաստանն ուղիղ կապի մեջ են այս հարցով, կողմերը հանդիպել են և տեղեկատվություն փոխանակել։ Ադրբեջանական կողմը, ըստ Նագիևի, Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի 834 քաղաքացու ցուցակ, որոնք «գերեվարվել կամ պատանդառվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին և պահվել են միջազգային կազմակերպություններից գաղտնի»։ «Մենք նաև տվյալներ ենք փոխանցել մեր 54 քաղաքացիների վերաբերյալ, որոնք պաշտոնապես գրանցված են եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան, հավելելով՝ «անհետ կորած ադրբեջանցիներից17-ի մարմինները վերադարձվել են։ 33 անձանց մարմինները, որոնք, ըստ պնդումների, մահացել են պահման վայրերում, չեն փոխանցվել, իսկ ևս չորսի ճակատագրի մասին տվյալներ չեն հայտնվել»։ Երևանի պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից վեց տարի անց անհայտ է մնում 191 անձի՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը, ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորել է մոտ 900 մարդ: Բաքվի պաշտոնական տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում մոտ 4000 ադրբեջանցի։
Աղբյուր՝ Ազատություն — Քաղաքականություն




