Մշակույթ
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը Ֆրանսիայի Պետական խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է դատական համագործակցության հարցեր
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Պետական խորհրդի փոխնախագահ Մարկ Գիյոմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանության մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչական արդարադատության կազմակերպման ֆրանսիական փորձը, պետական մարմինների որոշումների նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Անդրադարձ է արվել նաև վարչական գործերով դատավորների մասնագիտացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և դատական պրակտիկայի հետևողական զարգացմանը։ Երկուստեք կարևորվել է երկու երկրի դատական կառույցների միջև շարունակական մասնագիտական երկխոսությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, մշտական կապ պահպանելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը «Ապաստանի և ներգաղթի գործերով դատական քննությունը նոր դարաշրջանում․ քաղաքականության և իրավունքի գերակայության միջև» միջազգային համաժողովի շրջանակում եռօրյա աշխատանքային այցով Փարիզում է»,- նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





