Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Լիսե Նուրդգարդին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ «Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Նուրդգարդին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու գործունեության ընթացքում։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու բարձր մակարդակի շփումների ընդլայնումը՝ կարևորելով երկկողմ գործընկերության հետագա խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի շրջանակներում։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Նորվեգիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին և նախանշել այդ ուղղությամբ հետագա փոխգործակցության հեռանկարները»,- նշվում է հաղորդագրությունում։