Քաղաքականություն
Բղավոցներ, քաշքշոց, իրար վրա նետված իրեր․ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին թեժ միջադեպը
Իրավիճակը լարվեց, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց պարգևավճարներ բաժանելով պետբյուջեի միջոցները վատնելու համար: Ռուբինյանի հրահանգով Ղազարյանի բարձրախոսն անջատվեց, ինչից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը տեղից արձագանքեց Էդգար Ղազարյանին՝ նրան անվանելով «Հանրապետականից եկած թալանչի»: Սրանից հետո իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից. մոտ 15-20 րոպե իշխող ուժի և ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները չդադարեցրին փոխադարձ վիրավորանքներն ու հրմշտոցը, որը նիստերի դահլիճից տեղափոխվեց նաև միջանցք: Ընդմիջումից հետո Ազգային ժողովի նախագահն ամբիոնից անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, թե այն տեղի չէր ունենա, եթե Էդգար Ղազարյանը չշեղվեր օրակարգից. «Երբ օրակարգը չի պահվում, կարող է մի հատ նախկին հանրապետական գա ու որոշի ամբիոնից ասել՝ «դուք թալանչի եք», «Քաղաքացիական պայմանագրից» մեկն էլ ասի՝ «թալանչին դու ես, այ հանրապետական կամ կեղտոտ հանրապետական», արդյունքում վերածվի հրմշտոցի»: Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին Ռուբինյանը մեղադրեց առհասարակ նիստերի ընթացքը խաթարելու համար, ապա սպառնաց. «Ես դուրս եմ հանելու իրան սկզբից մեկ օրով, հետո՝ 7 օրով, հետո՝ ինչքան կանոնակարգ թույլ է տալիս, հետո կարող է դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո՝ շպրտենք, հետո կարող է խմբակային բոլորին ցույց տանք, թե որը որից հետո է: Տիրություն արեք ձեր սուբյեկտին»: Ընդդիմադիր երկու խմբակցությունների գնահատմամբ, մինչդեռ, խորհրդարանում մթնոլորտը լարվեց հենց Ռուբեն Ռուբինյանի պատճառով: Էդգար Ղազարյանը պնդեց՝ նա, որպես նիստը վարող, անհավասարակշիռ պահվածք է դրսևորել. «Ինքն է հրահրում, նախագահողից շատ բան է կախված, այդ տրամադրությունը դահլիճ է փոխանցվում»: Խորհրդարանական այս առաջին հրմշտոցի համար իշխանական խմբակցությանը մեղադրեցին նաև «Հայաստան» խմբակցությունից: «Խայտառակ սադրանք էր նիստը վարողի վարման արդյունքում և ՔՊ-ական որոշ պատգամավորների անզուսպ վարքագծի անմիջական հետևանք էր», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Ազգային ժողովում մթնոլորտը լարված էր առավոտից. օրակարգում էր եկեղեցու հարցով ՔՊ-ի նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները մինչև քննարկումն արդեն այն որակել էին ապօրինի և հակասահմանադրական: «Քննիչ հանձնաժողովի մասին, որը խայտառակություն է, մի բան կասեմ, եկեք ստեղծենք կոնկրետ դատական ակտերի գնահատական տալու վերաբերյալ քննիչ հանձնաժողով, չէ՞ որ Դատական օրենսգիրքն էլ է օրենք, չէ՞ որ Ազգային ժողովն է ընդունում, եկեք Մնացական Մարտիրոսյանների, ձեր սիրելի Մասիս Մելքոնյանների դատական ակտերի գնահատում, մի հատ էլ բեկանման քննիչ հանձնաժողով ստեղծենք: Սա ուղղակի տարրական իրավական առումով մեղմ է հնչում՝ հակասահմանադրական: Սա այս գումարման, ու դա ի դեպ ԱԺ նախագահի գործողության հետևանքն է», - ասաց «Ուժեղ Հայաստանի» Արամ Վարդևանյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նշեց. «Սա հակասահմանադրական գործընթաց է, ընդ որում, այն մարդիկ, ովքեր ուղիղ ներգրավված են այս գործընթացների մեջ, իրենք վաղ թե ուշ իրավական պատասխանատվություն են կրելու: Պարոն Եղոյան, Դուք դա շատ լավ պետք է իմանաք, իրավական պատասխանատվության եք ենթարկվելու: Եթե որևէ քննիչ հանձնաժողով էլ ձևավորվեր ԱԺ-ում, պետք է ձևավորվեր այն մասին, թե ինչպես է կառավարությունը և իր փաստացի ղեկավարը միջամտում եկեղեցու ներքին գործերին: Դրա մասին ԱԺ-ն կարող է քննարկում իրականացնել»: Իսկ ՔՊ-ական Տարոն Չախոյանի՝ Վեհափառի վերաբերյալ ամբիոնից հնչեցրած գնահատականները դարձան ևս մեկ քաշքշոցի պատճառ. «Քննիչ հանձնաժողովը քննելու է բոլոր տեսակի ապօրինությունները, որ տասնամյակներ շարունակ եկեղեցում եղել են, ոչ ոք չի պլստալու, այդ թվում՝ վաշխառությամբ զբաղվող Կտրիճ Ներսիսյանը»: Ըստ «Քաղաքացիական պայմանագրի», Տարոն Չախոյանի ելույթից հետո ընդդիմադիր պատգամավոր Գրիշա Թամրազյանը Տարոն Չախոյանի ուղղությամբ «աղբ» բառն է նետել: Քննիչ հանձնաժողովի հարցի քննարկման փուլում արդեն ընդդիմադիրները լքել էին նիստերի դահլիճը: ՔՊ-ն, առանց ընդդիմության, հարցը քննարկեց մոտ 15 րոպե, նախ նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա ընդդիմադիրների գնահատականներին հակադարձեց, թե եկեղեցականներն էլ խախտել են պետության և եկեղեցու անջատ լինելու սկզբունքը: Եվս երկու իշխանական ելույթ, և նախագիծը դրվեց քվեարկության ու ընդունվեց միայն ՔՊ-ի 62 կողմ ձայնով:
Աղբյուր՝ Ազատություն — Քաղաքականություն




