Մշակույթ
COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց, Հաղթանակի կամուրջ, Գրիգոր Լուսավորչի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ, Բրազիլիայի հրապարակ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա պողոտա։ Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ Ոսկերիչների փողոց, Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։ «COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։ Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





