Քաղաքականություն
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
Հոկտեմբերի 12-ին Վարշավայում Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին Լեհաստանի բարձր մակարդակի մասնակցության հարցին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լեհաստան գործընկերության հարցեր՝ ընդգծելով բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչման կարևորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և դրանց շրջանակներում Հայաստան-Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառման անցկացման կապակցությամբ՝ կարևորելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Ընդգծվել է Լեհաստանի շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճի դրական դինամիկան և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով զարգացող հայաստանյան և լեհական ընկերությունների միջև համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների թվայնացման ոլորտներում: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը Լեհաստանի շարունակական աջակցությունը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների, ինչպես նաև Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում համագործակցության և փոխկապակցվածության զարգացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաև 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովի շրջանակներում փոխգործակցության, այդ թվում՝ համաժողովին լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս




