Քաղաքականություն
Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խումբը քննադատում է թուրք պաշտոնյաներին հիջաբի արգելքի վերաբերյալ պնդումների պատճառով
Լուսանկարը՝ meclis.gov.az-ից Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների միջխորհրդարանական աշխատանքային խումբը քննադատել է Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորներին և նախագահի խորհրդականին՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությունների համար՝ մեղադրելով նրանց անհիմն պնդումներ հնչեցնելու և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Հայտարարությունը հնչում է Թուրքիայի քաղաքական գործիչների կողմից Ադրբեջանի աշխարհիկ կրթական քաղաքականության և դպրոցներում կրոնական հագուստի սահմանափակումների քննադատության պատճառով աճող լարվածության ֆոնին։ Այդ սահմանափակումները լայնորեն ընկալվում են որպես հիջաբ կրելու ուղղակի արգելք։ Ադրբեջանցի պատգամավորները Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կոչ են արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը՝ զգուշացնելով, որ նման հայտարարությունները կարող են վնասել երկու ռազմավարական դաշնակիցների հարաբերություններին։ Վեճը բողոքի ակցիաների է հանգեցրել նաև Թուրքիայում։ Հոկտեմբերի 13-ին Անկարայում Köklü Değişim շարժման անդամները հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելով դպրոցներում հիջաբ կրելու հետ կապված սահմանափակումների դեմ։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել։ Ցուցարարները քննադատում են դպրոցական հագուստի կանոնները, իսկ ակցիաների ընթացքում հնչում են նաև Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին վերաբերող մեղադրանքներ։ Հայտարարությունում աշխատանքային խումբը «լուրջ մտահոգություն և ափսոսանք» է հայտնում «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի անհիմն մեղադրանքների կապակցությամբ։ Խումբը նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա, սակայն ընդգծում է, որ Ադրբեջանն անկախ և ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի իր ներքին և արտաքին քաղաքականությունը վարել ազգային շահերին և Սահմանադրությանը համապատասխան։ Խումբը նաև նշում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հետ կապված «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը վերաբերում է երկու անկախ և ինքնիշխան պետությունների գոյությանը։ Հայտարարության համաձայն՝ այդ սկզբունքն Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունն արդարացնելու կամ ադրբեջանական հասարակությանը արտաքին քաղաքական և գաղափարական մոտեցումներ պարտադրելու համար օգտագործելն անընդունելի է։ Աշխատանքային խումբը պաշտպանում է Ադրբեջանի աշխարհիկ պետական համակարգը՝ նշելով, որ կրոնի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Այն հավելել է, որ երկրի կրթական քաղաքականությունը հիմնված է աշխարհիկության, հավասարության և բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների սկզբունքների վրա, իսկ դպրոցական կանոնները հավասարապես տարածվում են բոլորի վրա և որևէ կրոնական խմբի դեմ ուղղված չեն։ Հայտարարությունը հնչել է ադրբեջանական դպրոցներում համազգեստի կանոնների և կրոնական հագուստի սահմանափակումների շուրջ վեճի ֆոնին, որը բողոքի ակցիաների և որոշ կրոնական խմբերի ու թուրք քաղաքական գործիչների քննադատության պատճառ է դարձել։ Պատգամավորները հայտարարել են, որ անընդունելի է հարցը քաղաքականացնել կրոնական կամ գաղափարական հիմքով կամ Ադրբեջանի սահմանադրական համակարգի ու կրթական քաղաքականության հասցեին, իրենց ձևակերպմամբ, անհիմն մեղադրանքներ հնչեցնել։ Խումբը նաև դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի ժողովրդի, երկրի պատմության և նշանավոր պատմական գործիչների հասցեին, իր բնորոշմամբ, վիրավորական և զրպարտիչ հայտարարությունները։ Այն քննադատել է «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությանը՝ նման հայտարարությունները կանխելու համար քայլեր չձեռնարկելու համար, և մտահոգություն հայտնել Թուրքիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ սադրիչ ցույցերի և բողոքի կոչերի նկատմամբ, իր ձևակերպմամբ, հանդուրժողական վերաբերմունքի կապակցությամբ։ Հայտարարության համաձայն՝ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը պահանջում է քաղաքական պատասխանատվություն, փոխադարձ հարգանք և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի պահպանում։ Այն հավելել է, որ առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները չպետք է վնասեն երկու երկրների հարաբերություններին։ Աշխատանքային խումբը Թուրքիայի քաղաքական շրջանակներին, այդ թվում՝ խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչներին, կոչ է անում հարցին մոտենալ պատասխանատվությամբ, հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը և զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա։ Տե՛ս նաև՝ Հիջաբի արգելքի բողոքի ֆոնին Ադրբեջանում, ըստ հաղորդումների, սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը Ֆրանսիայի արտգործնախարարը քննադատել է Ադրբեջանի «սադրիչ» գործողությունները Նոր Կալեդոնիայում Ադրբեջանի SOCAR-ը ցանկանում է վերսկսել «Գազպրոմից» գնումները Էրդողանի գլխավոր խորհրդականը պնդում է, որ որոշ ուժեր փորձում են «ստվեր գցել» Թուրքիա-Ադրբեջան դաշինքի վրա Հիջաբի արգելքի դեմ դպրոցը բոյկոտող երեխաների համար դասեր կազմակերպած ադրբեջանցի ակտիվիստը, ըստ հաղորդումների, անհետացել է Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս




