Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17)։ Բացման արարողությանն իր ողջույնի ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով համաշխարհային բնապահպանական գագաթնաժողովի աշխատանքների սկիզբը։ Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ COP17-ի անցկացմամբ Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։ Նա մատնանշել է, որ կենսաբազմազանությունը մարդկության առողջության, պարենային ու ջրային անվտանգության և ապագա սերունդների բարեկեցության հիմքն է։ «Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունը անսպառ ռեսուրս է․․․ Բայց ջրհեղեղները, անտառային հրդեհները և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն․ մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունը անբաժանելի են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ միջազգային ջանքերը դեպի շոշափելի արդյունքներ ուղղորդելու համար։ 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, ուստի անհրաժեշտ է արագացնել պարտավորությունների կատարումը։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կազմակերպման կոմիտեին, Շրջակա միջավայրի ու Արտաքին գործերի նախարարություններին, Կոնվենցիայի քարտուղարությանը, ինչպես նաև միջազգային պատվիրակներին համատեղ աշխատանքի և Հայաստանի նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ «Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է, մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։ Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, որտեղ խոսքերից անցնում ենք գործի»,- եզրափակել է ՀՀ վարչապետը՝ հայտարարելով COP17 համաժողովի բացումը։ Մանրամասները՝ տեսանյութում։ «Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ «Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ «Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ