ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հանրահավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ Գ.Ա.-ն մի շարք մտերիմների հայտնել է, որ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին կվճարվի 15.000-ական ՀՀ դրամ։ Արդյունքում, հանրահավաքի ավարտից հետո Գ.Ա.-ն մի շարք մասնակիցների վճարել է խոստացված գումարները: Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։