Մշակույթ
Համբարձում Մաթևոսյանը երկու տարի ժամկետով ընտրվել է COP17-ի նախագահ
Շրջակա միջավայրի նախարարությունից հաղորդում են, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի բացման լիագումար նիստում 2 տարի ժամկետով Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ՝ ստանձնելով միջազգային հանրության համատեղ աշխատանքն առաջնորդելու մեծ պատիվն ու պատասխանատվությունը։ Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Կոնվենցիայի կողմերին՝ Հայաստանի և իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ « Այս պատասխանատվությունը ստանձնում եմ բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ»։ Բացման ելույթում նախարարն ընդգծել է․ «Երևանում ունենք բացառիկ հնարավորություն գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը։ Մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։ Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։ Մեր խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։ Թող Երևանը դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





