Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգել կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրը։ Նախագծով առաջարկվում է միջոցառումը շարունակել 2027 թվականի հունվարի 1-ից՝ պահպանելով հետվճարի հաշվարկման և վճարման գործող մեխանիզմները։ Որոշման նախագծում նշվում է, որ այն իրականացվում է 2024 թվականի հունվարի 1-ից և նախատեսված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Դրա շրջանակում կենսաթոշակառուները հետվճար են ստանում կենսաթոշակային քարտով կատարած անկանխիկ գնումների և վճարումների դիմաց։ Նախարարության հիմնավորմամբ՝ միջոցառման իրականացումը նպաստում է կենսաթոշակների չափերի ավելացմանը և միաժամանակ նաև՝ անկանխիկ վճարումներ կատարող կենսաթոշակառուների թվի, անկանխիկ վճարումների ծավալների ընդլայնմանը: Ծրագրի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը նախարարությունը պայմանավորում է դրա շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում իրականացված ծախսերի պլանավորումը ապահովելու նպատակով։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Այն ուժի մեջ կմտնի Կառավարության կողմից հաստատվելուց հետո։