Միջազգային
ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին զեկույց են ներկայացրել
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները ներկայացրել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը: Հաղորդագրությունում նշվում է, որ ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարության՝ այդ երկրներից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պատրաստել են զեկույց «Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ»: Զեկույցն անդրադառնում է «Հայաստանի կողմից ձեռնարկված միջոցներին՝ ուղղված Եվրամիությանն անդամակցությանը», ներառում է ԵԱՏՄ և ԵՄ իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն: Նաև ներկայացված է տեղեկատվություն «իրավական մեխանիզմների մասին, որոնք կոչված են կանխելու ԵՄ-ին անդամակցության Հայաստանի որոշման հետևանքով ծագող ռիսկերը», գնահատականներ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին: Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մնալու կարգավիճակը «հարցեր է հարուցում կազմակերպությունում՝ Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ Երևանի քայլերի լույսի ներքո»: Դրա հեղինակները հիշեցնում են, մասնավորապես, որ այս տարվա օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Հայաստանի վարչապետն ուղղակիորեն հայտարարեց, թե երկրի ղեկավարությունը «առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը»: Սակայն Եվրամիությանն անդամակցության կամ ԵԱՏՄ անդամ մնալու հարցով հանրաքվեն պլանավորվում է «պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»: Այդ ընթացքում, զեկույցի հեղինակների պնդմամբ, Հայաստանը ծրագրում է պահպանել ԵԱՏՄ անդամության օգուտները և առավելությունները: «Գործնական տեսանկյունից ազգային ակտերով «եվրոպական չափանիշների» ներդրումը մաքսային ոլորտում՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության անդամությունը ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ մաքսային տարածքի միասնականության խախտման ռիսկեր է պարունակում», - ասված է զեկույցում: Փաստաթղթում նաև ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, մասնավորապես՝ թե երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով, երկրի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները կխստացվեն և ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գրեթե կիսով չափ կկրճատվի, և այլն: Զեկույցը ներկայացվելու է ԵԱՏՄ անդամ հինգ պետությունների ղեկավարներին: Զեկույցի հեղինակները պնդում են, թե Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը իրավունք ունեն քննարկել մինչև Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի անցկացումը ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը կասեցնելու հարցը:
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





