Միջազգային
Ցույցերից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել. մարդիկ դժգոհում են
Ներքին գործերի նախարարն էլ ասել է, որ 200 քննիչներ ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները և փորձում են նույնականացնել անկարգությունների մասնակիցներին: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվող 40-ամյա մի տղամարդ, որը նախկինում ունեցել է պետական պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու փորձ: Փարիզում և այլ քաղաքներում մաքրման աշխատանքներ են ընթանում, թալանված բիզնեսները գնահատում են վնասը: Պարետային ժամը սակայն անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որոնք պնդում են՝ մի քանի օրինազանցի պատճառով պատժվում են թե՛ մարդիկ, թե՛ բիզնեսները: «Գիշերվա մի մասը ուղղաթիռներ էին պտտվում տարածքում՝ հսկա լուսարձակներով և ստուգում, որ մարդկանց փոքրիկ խմբեր չգոյանան։ Գիշերվա ժամը մեկին ուղղաթիռի ձայնը մի փոքր ճնշող է»,- ասել է Փարիզի բնակիչ Սիլվեն Կուրանը։ «Պարետային ժամը շատ հարկադրական միջոց է։ Դա խանգարում է նաև այն ռեստորաններին, որոնք ցանկանում են աշխատել։ Հանրապետության հրապարակում ժամը 11-ին բոլորը ստիպված էին հեռանալ: Այնպես որ, սա կարող են միայն շատ ժամանակավոր միջոց լինել»,- ասել է մեկ այլ բնակիչ Ժան-Միշելը: Ժիզելա Ռեստրեպոն էլ համարում է, որ պարետային ժամի կարիք չկար: «Ինչո՞ւ պարետային ժամ։ Եվ ինչո՞ւ պատժել թաղամասում ապրող մարդկանց մի քանի անհատների պատճառով, որոնք անընդհատ ամեն ինչ ջարդում են։ Թող անվտանգության լրացուցիչ աշխատակիցներ վարձեն, որ հետևեն ամեն ինչին, չգիտեմ, պետք է որ այլ լուծումներ լինեն, քան պարետային ժամն է»,- ասել է նա։ Լրատվամիջոցները գրում են, որ անկարգությունները հրահրել են հիմնականում ցույցերի հետ կապ չունեցող անձինք: Կրթության որակի ու շենքային պայմանների դեմ բողոքի ակցիաներ սկսած ուսանողներն էլ կարծում են, որ անկարգություններն ու թալանը վարկաբեկում են իրենց պայքարը: «Իրականում դա ցույց չի տալիս, թե ինչ ենք մենք ուզում։ Բայց մյուս կողմից, ես համամիտ եմ բոլոր նրանց հետ, ովքեր այստեղ են գալիս բարձրաձայնելու իրենց ասելիքը: Եվ ըստ իս՝ ամոթ է, որ Մակրոնը մեզ չի լսում, չնայած մենք պահանջներ ունենք, իրական ասելիք»,- ասել է Օմայմա Բուրեյը, որն ուսանող է: Այսօր ցուցարարների առանձին խմբեր կոչ են արել շաբաթ կրկին դուրս գալ փողոց: Սակայն հիմնական արհմիությունները, որոնք որպես կանոն կազմակերպված խոշոր ցույցերի շարժիչ ուժն են, բռնությամբ ու վանդալիզմով ավարտված ակցիաներից հետո չեն միացել այդ կոչերին:
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





