Մշակույթ
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդում են, որ Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։ «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունքով իրեն պատկանող «Մարտունու բազալտների հանքավայրում» օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացրել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների առկայության։ Նույն մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մերձակայքում գործող «ԷՄ ՋԻ ԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն բետոնե շաղախի արտադրամասում բետոնախառնիչը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության և անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղուց բնակավայրում «ՍԹՈՒՆ ՔԱԹԻՆԳ» ՍՊԸ-ն քարի սղոցման, մշակման և հարդարման արտադրամասի շահագործման համար ջրառն ապահովել է Դեբեդ գետից և արտադրական կեղտաջրերը հեռացրել նույն գետ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի, Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր անօրինական գործունեությունները կասեցվել են։ Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 2.780.000դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





