Մշակույթ
Ի՞նչ ունեցվածք ունեն Ջերմուկի ավագանու թեկնածուները
Հոկտեմբերի 25-ին Ջերմուկ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ 5301 ընտրող ունեցող համայնքը առաջիկա հինգ տարիներին ղեկավարելու համար հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ «Ապրելու երկիր» կուսակցության 9 հոգանոց նախընտրական ցուցակը Ջերմուկի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է Ազատ Հովակիմյանը։ Նա նախորդ՝ 2021-ի ընտրություններում ևս պայքարում էր համայնքապետի պաշտոնի համար, սակայն այդ ընտրություններում նա առաջնորդում էր «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Այս դաշինքի կազմում ընդգրկված էին «Համերաշխություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ Հովակիմյանի գլխավորած դաշինքը ընտրությունների արդյունքում ստացավ 8.1% ձայն կամ 236 քվե։ Ազատ Հովակիմյանը աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական հսկիչ։ Նա հաշվետու ժամանակահատվածում ստացել է 828.000 դրամ թոշակ և 450.000 դրամ աշխատավարձ «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ-ից։ Հովակիմյանի դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, կազմել են 86.000 դրամ։ Նա հայտարարագրել է 72 քմ մակերեսով բնակարան և 0.49 հա մակերեսով հողամաս Ջերմուկ քաղաքում։ Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի դասվար Մելայնա Գրիգորյանը «Ապրելու երկրի» երկրորդ համարն է։ Նա դպրոցից ստացել է 1.2 մլն դրամ աշխատավարձ, 880.000 դրամ էլ կազմել է նրա մեկ տարվա կենսաթոշակը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Գրիգորյանն ունեցել է 280.000 դրամ։ Անշարժ կամ շարժական գույք նա չի հայտարարագրել։ Հունան Հարությունյանը, ով «Ապրելու երկրի» ցուցակի երրորդ համարն է, աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում` որպես տեխնիկական հսկիչ։ Սակայն, ինչպես Ազատ Հովակիմյանը, նա նույնպես այս ընկերությունից որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Փոխարենն, ըստ հայտարարագրի, նա 1.5 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Սպեկտրում» ՍՊԸ-ից, 440.000 դրամ կազմել է նրա մեկ տարվա կենսաթոշակը։ 720.000 դրամ եկամուտ էլ Հարությունյանը ստացել է վարձակալության հանձնած գույքից։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Հարությունյանն ունեցել է 250.000 դրամ։ Հունան Հարությունյանը հայտարարագրել է Երևանում գտնվող բնակարան՝ 90 քմ մակերեսով, Ջերմուկում գտնվող հողամաս՝ 0.075 հա մակերեսով և բնակարան՝ 65 քմ մակերեսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 29 հոգանոց ցուցակը Ջերմուկի ընտրություններում գլխավորում է Վայոց ձորի մարզպետ, Ջերմուկ համայնքի նախկին ղեկավար Վահագն Արսենյանը։ Նա նախկին «Հանրապետական» պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Մինչև Ջերմուկի համայնքապետ դառնալն էլ ղեկավարում էր իր ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն։ «Ջերմուկ գրուպ»-ից Արսենյանը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 833.6 մլն դրամ շահաբաժին և 44.5 մլն դրամ փոխառություն։ Արսենյանը փոխառություններ է ստացել նաև «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ-ից՝ 10 մլն դրամ, հորից՝ Աշոտ Արսենյանից՝ 375 մլն դրամ և Նորայր Մովսիսյանից՝ 15 մլն դրամ։ Վայոց ձորի մարզպետարանից էլ ստացել է 13.7 մլն դրամ աշխատավարձ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արսենյանն ունեցել է 55 մլն դրամ, 1.8 մլն դոլար, 800.000 եվրո և 5 մլն ռուբլի։ Վահագն Արսենյանին է պատկանում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի 100%-ը, «Բալկան պետ քոմփանի» ՍՊԸ-ի 50%-ը, «Ռելոադ» ՍՊԸ-ի 30%-ը և «Ջերմուկ մայր գործարան» ՍՊԸ-ի 100%-ը։ Նա հայտարարագրել է նաև 4 անուն թանկարժեք գույք՝ 6.5 մլն դրամանոց որսորդական հրացան և երեք ձեռքի ժամացույց՝ 335.835 դոլար, 250.000 դոլար և 70.000 դոլար արժեքներով։ Վահագն Արսենյանն 9 բնակարան ունի, որից 2-ը՝ Երևանում, 1-ը՝ Գերմանիայում և 6-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նա հայտարարագրել է նաև 6 հողամաս Գնդևազ բնակավայրում, 2 ավտոկայանատեղի Երևանում և հասարակական նշանակության 3 շինություն Ջերմուկ քաղաքում։ Արսենյանը 5 թանկարժեք մեքենա ունի՝ Rolls Royce, Bentley, Mercedes-Benz E200 և Audi Q4 E Tron։ Ջերմուկի գործող համայնքապետ Մանան Գևորգյանը ցուցակի երկրորդ համարն է։ Մինչև համայնքապետ ընտրվելն էլ աշխատում էր Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 3 հիմնական դպրոցում և «Ջերմուկի մանկական զարգացման» հիմնադրամում։ Համայնքապետարանից Գևորգյանը ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, դպրոցից՝ 1.3 մլն դրամ, իսկ հիմնադրամից 1.1 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 1.5 մլն դրամ և 200.000 ռուբլի։ Մանան Գևորգյանը հայտարարագրել է Երևանում գտնվող 67 քմ մակերեսով բնակարան։ ՔՊ-ի նախընտրական ցուցակում երրորդը «Ջերմուկի Նոր Կյանք Առողջարան» ՍՊԸ-ի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանն է։ Այս ընկերությունից նա ստացել է 12.2 մլն դրամ աշխատավարձ։ 575.000 դրամ փոխառություն էլ ստացել է «Ինեկոբանկ»-ից։ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 800.000 դրամ, 2000 դոլար և 1000 եվրո։ Սարգսյանը հայտարարագրել է 0.07 հա մակերեսով հողամաս Վայքում, 54 քմ մակերեսով բնակարան և 0.002 հա մակերեսով հողամաս Ջերմուկում։ Նա նաև 2019 թվականի արտադրության «Mazda 6» մակնիշի մեքենա ունի։ Ջերմուկի ավագանու անդամի թեկնածուներից, վերջին մեկ տարում, ամենաշատ եկամուտը ստացել է ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը։ Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլրդ 292 մլն դրամ։ Եկամտի մեծ մասը Արսենյանը ստացել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից և հորից՝ Աշոտ Արսենյանից։ Հայտարարագրած դրամական միջոցների թվով ևս Արսենյանն առաջինն է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա տարբեր արժույթներով ունեցել է ընդհանուր 1 մլրդ 50 մլն դրամ։ «Ռոբնան» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Այվազյանը երկրորդ ամենաշատ եկամուտ ստացած թեկնածուն է։ Այս ընկերությունից նա ստացել է 93.1 մլն դրամ փոխառություն, 585.000 դրամ աշխատավարձ և 720.000 դրամ վարձավճար։ 2.4 մլն դրամ եկամուտ էլ Այվազյանը ստացել է գույքի օտարումից։ ՔՊ-ի ցուցակի չորրորդ համար Արթուր Սեդրակյանը հաշվետու ժամանակահատվածում ստացած եկամտի չափով երրորդն է։ Նա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ստացել է 3.3 մլն դրամ աշխատավարձ, իսկ «Էլիտ սիստեմս» ՍՊԸ-ից 30 մլն դրամ փոխառություն։ Սեդրակյանը նաև երկրորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած ավագանու անդամի թեկնածուն է։ Նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ, 10.000 դոլար և 10.000 եվրո։ ՔՊ-ի ցուցակի 17-րդ համար Արտուշ Սիմոնյանը երկրորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած ավագանու անդամի թեկնածուն է։ Նրա դրամական միջոցները կազմել են 3.6 մլն դրամ, 20.00 դոլար և 170.000 ռուբլի։ Նախորդ մեկ տարում «Ապրելու երկիր» կուսակցության 9 հոգանոց նախընտրական ցուցակի անդամներից երկուսը որևէ եկամուտ չեն ունեցել, երեքը ունեցել են մինչև 1 մլն դրամ եկամուտ, իսկ չորսը՝ 1-5 մլն դրամ եկամուտ։ Թեկնածուներից 3-ը կին է, 6-ը՝ տղամարդ։ Նրանց միջին տարիքը 65 է։ «Ապրելու երկրի» ավագանու անդամի 9-ը թեկնածուներից 6-ը դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ 3-ը ունեցել են մինչև 1 մլն դրամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 29 հոգանոց նախընտրական ցուցակի անդամներից 3-ն ունեցել են մինչև 1 մլն դրամ եկամուտ, 12-ը՝ 1-5 մլն դրամ եկամուտ, 10-ը՝ 5-8 մլն դրամ եկամուտ և 4-ը 10 մլն դրամից ավելի եկամուտ։ Թեկնածուներից 9-ը կին է, 20-ը՝ տղամարդ։ Նրանց միջին տարիքը 43 է։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





