«Այսօր մենք բաց և կառուցողական քննարկեցինք այդ հարցերը: Այդ քննարկման արդյունքները մենք կտեսնենք մոտ ժամանակներս», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Վերջին տարիներին Հնդկաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կային մի շարք հարցերում, և այսօր Բաքվում կայացած հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները «բաց և կառուցողական» քննարկել են դրանք: Այդ մասին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ: «Դա ազդում էր նաև երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության վրա: Այսօր մենք բաց և կառուցողական քննարկեցինք այդ հարցերը: Այդ քննարկման արդյունքները մենք կտեսնենք մոտ ժամանակներս», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ այսօրվա բանակցությունները համագործակցության նոր հնարավորություններ կստեղծեն: Նա նաև հայտնել է, որ քննարկել են տնտեսական համագործակցության առկա հնարավորությունները: «Այս տարվա առաջին վեց ամիսներին մեր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 600 միլիոն դոլար: Դա չի արտացոլում երկու երկրների ներուժը», - ասել է Բայրամովը: Հնդկաստանի ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը կարելի է համարել երկու երկրների առաջնորդների՝ այս տարվա սեպտեմբերի սկզբին Բիշքեկում Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման շարունակությունը: «Նախագահ Իլհամ Ալիևը նշանակալի ժամանակ հատկացրեց մեր համագործակցության հարցերին, և մենք քննարկումներ անցկացրեցինք: Մեր ժողովուրդները հարուստ պատմություն ունեն, մենք միմյանց վերաբերվում ենք հարգանքով: Դա մեր հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու հիմք է ստեղծում», - հայտարարել է Սուբրամանյամ Ջայշանկարը, ով Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահի հետ: Անցած տարվա սեպտեմբերին Հնդկաստանն արգելափակեց Ադրբեջանի՝ ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու դիմումը, ենթադրաբար՝ նաև Պակիստանի հետ Բաքվի եղբայրական հարաբերությունների պատճառով։ Հնդկաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների մեկ այլ թեմա է պաշտպանական ոլորտում Երևանի ու Նյու Դելիի սերտ համագործակցությունը, որի կապակցությամբ Բաքուն բազմիցս իր դժգոհությունն է հայտնել: