Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Սանկտ Պետերբուրգի 12-րդ միջազգային միացյալ մշակույթների ֆորումում, 25-ը սեպտեմբերի, 2026 թ. Վլադիմիր Պուտինը համաձայն չէ Ուկրաինայի նախագահի հետ, որ ռազմաճակատի երկայնքով մարտական գործողությունները դադարեցնելու դեպքում Ուկրաինան տարածքներ է կորցնում: Ռուսաստանի նախագահը պնդել է՝ դրանք ուկրաինական տարածքներ չեն: «Դա պատմական Ռուսաստանի տարածքն է։ Ավելին, այնտեղ ապրող ժողովուրդը նախ քվեարկել է պետական անկախության օգտին։ Եվ որպես երկրորդ քայլ … նրանք քվեարկել են ՌԴ-ի հետ վերամիավորելու օգտին։ Այնպես որ, ըստ իս՝ տեղին չէ խոսել որևէ տարածքային կորստի մասին»,- ասել է Պուտինը։ Ռուսաստանն արդեն գրավել է Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված տարածքի մոտ 20%-ը և պահանջում է, որ Կիևը զիջի ամբողջ Դոնբասը, ներառյալ այն հատվածները, որոնք դեռ ուկրաինական զինուժն է վերահսկում: Պուտինը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին հանդիպմանը համաձայնել է Վաշինգտոնի միջնորդությամբ Կիևի հետ շփումները վերսկսելու առաջարկին: Ըստ Կրեմլի ղեկավարի՝ այդ շփումների նպատակն է քննարկել հարցը, թե ինչպես է ապահովվելու Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգությունը խաղաղության համաձայնության հասնելուց հետո: «Ընդորում, խոսքը վերջնական համաձայնության մասին է, այլ ոչ թե ռազմական գործողությունները կարճ ժամանակով դադարեցնելու։ Մենք պատրաստ ենք վերսկսել այս շփումները՝ այս նպատակին հասնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը նաև ասել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը համաձայնել է Ուիթքոֆի հետ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցին զուգահեռ անհրաժեշտ կլինի խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին: Այս ֆոնին նախագահ Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են արել 270-ը՝ 270-ի դիմաց: Ուկրաինայի նախագահն ասել է, որ նրանց մեջ կան Ազգային գվարդիայի անդամներ, այդ թվում՝ «Ազով» բրիգատի զինվորներ, սահմանապահներ, Տարածքային պաշտպանության ուժերի, Ռազմածովային նավատորմի և Օդադեսանտային գրոհային ուժերի ծառայողներ, Պետական հատուկ տրանսպորտային ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև ինը քաղաքացիական անձինք, որոնց մեծ մասը գերության մեջ էր 2022-ից: Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել՝ 270-ը 270-ի դիմաց, 23-ը հոկտեմբերի, 2026 թ. Զելենսկին նաև նշել է, որ ազատ արձակվածների մեծ մասը Մարիուպոլում Ուկրաինան պաշտպանած զինվորներ են երկրի տարբեր շրջաններից, որոնցից մի քանիսն «անօրինական կերպով դատապարտվել են Ռուսաստանում»: Վերադարձածների թվում է հինգ մարդ, որոնք մահացած էին համարվում 2022 թվականի հուլիսին Օլենովկայի հարձակման ժամանակ: «Մենք հիշում ենք նրանցից յուրաքանչյուրին և շարունակում ենք փնտրել նրանց բոլորին։ Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք աշխատում են փոխանակման համար։ Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք մեր զինվորներին, որոնք առաջնագծում են»,- ասել է Զելենսկին: Մինչ այդ էլ Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի վերականգնել Starlink արբանյակային կապի արագությունը: Դրա պատճառով Ուկրաինան չի կարողանում ուղղորդել իր անօդաչուները ռուսական թիրախներին հարվածելու համար: «Այն դեռ չի վերականգնվել 400 կմ/ժ արագության: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ես ԱՄՆ պետքարտուղարից պատասխանի եմ սպասում: Նա խոստացել է ինձ հետ կապվել մոտ 48 ժամվա ընթացքում»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, թե կապի արագությունը վերականգնվել է: Դոնալդ Թրամփը հրաժարվել էր մեկնաբանել լուրերը, թե կառավարությունից են Starlink կապն ապահովող SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկին կարգադրել, որ դանդաղեցնի կապն Ուկրաինայում: «Կարևոր չէ՝ ես եմ զանգել, թե այլ մեկը։ Կարծում եմ՝ կարևորն այն է, որ նա ամեն ինչ վերականգնեց»,- ասել էր Թրամփը։