Այսօր Հայաստանի 21 համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ 19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Արտաշատում, Արմավիրում, Արաքսում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Ծաղկաձորում, Գառնիում, Արթիկում, Ախուրյանում, Գորիսում, Մեղրիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Իջևանում, Դիլիջանում և Ստեփանավանում։ Աշնանային այս ընտրափուլն ունի երկու ծայրահեղ դրսևորում. մի կողմից՝ թեժ պայքար Ստեփանավանում, Մեղրիում, Մարտունիում, Արթիկում ու նաև Արտաշատում, մյուս կողմից՝ փաստացի զրո մրցակցություն Արմավիրում, Գառնիում և Վայքում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քվեաթերթիկում միայնակ է: Ընտրություններից մեկ օր առաջ Արթիկում և Մարտունիում ընդդիմադիր «Ապրելու երկիրը», «Հայրենիքը» և «Մեր հայրենիքը» հայտնեցին՝ իրենց մի շարք թիմակիցներ են բերման ենթարկվել, այդ թվում՝ Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և Մարտունիում «Մեր համայնքը» դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Կարապետյանը։ Միևնույն ժամանակ, որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ։ «Ազատությունը» այս տեղեկությունների վերաբերյալ դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հայտնել են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ Կոմիտեի փոխանցմամբ՝ կան նաև ձերբակալված անձինք։ Սակայն թե կոնկրետ ովքեր են ձերբակալվածները և արդյոք նրանց թվում են Եղեգնաձորի պաշտոնյաները, Հակակոռուպցիոնը չէր հստակեցրել։ Ստեփանավանում էլ ընտրակաշառքի գործով կան ձերբակալվածներ: Նույն գործով իրավապահները ձերբակալվել էին նաև համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա 13 աջակիցները: Ընդդիմությունն էլ հակադարձում է՝ մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց հաղթանակը՝ անխուսափելի, անգամ թեկնածուի կալանավորված լինելու պայմաններում: «Ականատես» դիտորդական առաքելությունն էլ քարոզարշավի վերջին օրը Ստեփանավանի ընտրություններում բարեգործության արգելքի առերևույթ խախտման դեպքեր էր արձանագրել: Մասնավորապես միավորվող երկու համայնքների գործող ղեկավարները՝ մի դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արայիկ Ներսիսյանը, մյուս դեպքում՝ «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը ուսուցչի օրվա առիթով մանկավարժներին հյուրասիրել և ծաղիկներ են նվիրել: