Մշակույթ
Մայիսյանի վարչական ղեկավարն ընտրողներին էր ուղղորդում, իսկ ՔՊ-ի վստահված անձը պնդում էր՝ նա տանն է
Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական ղեկավար, ավագանու թեկնածու Լիպարիտ Հարությունյանը գյուղի մշակույթի տանը տեղակայված թիվ 16/17 ընտրատեղամասի դիմաց միջամտում էր ընտրությունների ընթացքին։ Նա հեռախոսազանգերով ուղղորդում էր ընտրողներին, տվյալներ էր փոխանցում անհայտ անձանց և հրահանգներ տալիս։ Լ. Հարությունյանը, տեսնելով, որ լուսանկարում ենք, դանդաղ քայլերով փորձում էր տարածքը լքել։ Լուսանկարելու մասին վարչական ղեկավարին տեղեկացրին նաև նրա հետ ընտրատեղամասի դիմաց հավաքված տղամարդիկ։ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակով է գտնվում տարածքում, ընտրողների հետ ակտիվ հաղորդակցվում։ «Գնում եմ խանութ, խմելու սառը բան բերեմ։ Դուք ինչ-որ բան կուզե՞ք։ Ես վարչական ղեկավար եմ, ուղղակի տարածքում եմ, այստեղ անելիք չունեմ։ Ընտրողներ տեսա, նրանց հետ խոսեցի»,- ասում է Լիպարիտ Հարությունյանը։ Հանձնաժողովի նախագահ Ջիվան Բեգլարյանը, որը առաջադրվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից, հայտարարեց, թե չի նկատել վարչական ղեկավարին։ Իսկ Լիպարիտ Հարությունյանի հետ ակտիվ հաղորդակցվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Մարտիրոս Գինոսյանն էլ հայտարարեց, թե իբր Լիպարիտ Հարությունյանը տանն է, տարածքում չի եղել։ Մեզնից նա որպես ապացույց լուսանկար էր պահանջում։ Նշենք, որ Արմավիր համայնքում մրցակցություն չկա։ Առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Համայնքի վարչական ղեկավարները ևս թեկնածուներ են։ Քանի որ ընտրությունները պասիվ են, նրանք ջանում են շատ մարդ բերել տեղամաս՝ բարձր արդյունքներ ցույց տալու համար։ Մայիսյանում ընտրելու իրավունք ունի 1136 ընտրող, ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 482-ը։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





