Մշակույթ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։ Հայոց Հայրապետը նաև կարևորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս համատեքստում Նորին Սրբությունը ընդգծեց քրիստոնեական հավատքի դերը մարդու հոգևոր ու բարոյական նկարագրի ձևավորման գործում՝ արարչագործության խնամքը դիտարկելով որպես Աստծու և մերձավորի հանդեպ սիրո ու պատասխանատվության արտահայտություն։ Իր հերթին Գրեհեմ Աշեր եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ փոխանցելով Քենթերբերիի արքեպիսկոպոսի բարեմաղթանքներն ու աղոթական զորակցությունը։ Նա կարևորեց երկու Եկեղեցիների դարավոր հարաբերություններն ու միջեկեղեցական գործակցությունը՝ իր աջակցությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայ ժողովրդին։ Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Սառա Էլիզաբեթ Մալալիին»,- նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





