Քաղաքականություն
Վարչապետը չի բացառում արտահերթ ընտրությունները, եթե նոր Սահմանադրության հարցով չհամոզի ընդդիմությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար չստանան խորհրդարանական ընդդիմության աջակցությունը: Միևնույն ժամանակ նշեց՝ նախ փորձելու են համաձայնության գալ ընդդիմադիրների հետ: «Կփորձենք համոզել ընդդիմության մեր գործընկերներին, որ սա շատ կարևոր հարց է։ Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Փաշինյանը, որի կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացավ: Թե՛ վարչապետը, թե՛ արդարադատության նախարարը վստահեցնում են՝ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարեվերջ, ինչից հետո այն կդրվի հանրային քննարկման, ապա կուղարկվի Ազգային ժողով: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 70 պատգամավորի կողմ քվեարկություն: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, այսինքն՝ իշխանությանը պակասում է ևս 6 ձայն: Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները պարբերաբար են հայտարարել՝ «կողմ չեն քվեարկելու Ալիևի պարտադրած Սահմանադրությանը»: «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարն այսօր վերահաստատեց իրենց ուժի դիրքորոշումը: «Հայաստանը չպետք է իր Սահմանադրությունը փոխի որևիցե այլ արտաքին ուժի՝ տվյալ դեպքում Իլհամ Ալիևի պահանջով: Մենք դեմ ենք Սահմանադրությունն Ալիևի պահանջով փոխելուն», - ասաց Տիգրան Աբրահամյանը: «Ազատության» հարցին՝ կարո՞ղ է լինել որևէ իրավիճակ, որ «Ուժեղ Հայաստանի» որևէ պատգամավոր միանա այդ օրակարգին, Աբրահամյանը պատասխանեց. «Մեր ֆրակցիան ունի դիրքորոշում, որ Հայաստանը չպետք է իր Սահմանադրությունը փոփոխի արտաքին ուժերից որևէ մեկի պահանջով»: Վարչապետն ու նրա թիմակիցներն արդեն բացահայտել են նոր Սահմանադրության նախագծի գլխավոր փոփոխությունը. այն չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին: Սա հենց այն նախապայմանն է, որի կատարումից հետո, ըստ էության, Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիրը: Անկախության հռչակագրին հղումը Մայր օրենքից հանելուն կտրուկ դեմ է խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Դա հստակ ձևավորված պահանջ է Ադրբեջանի կողմից: Մարդիկ քանի՞ անգամ պետք է ասեն: Փաշինյանին իրենք պարտադրում են փոխել Սահմանադրությունը: Փաշինյանն էլ փոխանակ երկրի դիմակայությունը բարձրացնի, փորձում է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի ու հայ ժողովրդի միջև ու հայ ժողովրդին պարտադրել, որպեսզի ադրբեջանական պահանջները կատարեն», - նշեց Արթուր Խաչատրյանը: Վարչապետն այսօր դարձյալ շեշտեց՝ նոր Սահմանադրություն ունենալու որոշումը կապ չունի Ադրբեջանի հետ: Մինչդեռ 2024 թվականի փետրվարին հենց Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հարցազրույցում, «կարմիր շորի և ցլի» համեմատությամբ, նշում էր՝ եթե Անկախության հռչակագրից չազատվենք, պատերազմ կլինի: Նույն այդ օրերին նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հաստատել, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրում։ Թեև նախկինում թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարն ասում էին, որ հայկական կողմը նույնպես խնդիրներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, այժմ որևէ հայ պաշտոնյա այդ մասին չի խոսում: Փոխարենը Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի Սահմանադրության հարցը քննարկել են երկու ամիս առաջ Բիշքեկում: «Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ Ադրբեջանից մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է», - ընդգծեց վարչապետը: Ալիևն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընդունել է, որ դա Հայաստանի ներքին գործն է, միևնույն ժամանակ ընդգծել է, որ իրենց քաղաքական դիրքորոշումն այդ հարցով չեն փոխվելու: Այս դիրքորոշումը չփոխելուց բացի Բաքվից նաև հրապարակային դժգոհում են, որ Հայաստանն այդ հարցում հապաղում է: Երեկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների անդամն է «Իքս»-ում գրել՝ «մտագոհված են և իրենց թվում է՝ Հայաստանը ցանկություն չունի իր Սահմանադրությունից հանելու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»: Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեցրեց՝ նոր Սահմանադրության ընդունումը թե նախընտրական, թե կառավարության ծրագրի մաս է: Ինքն այդ հանձնառությունից չի հրաժարվի միայն այն պատճառով, որ այն համընկնում է Բաքվի օրակարգի հետ: Վարչապետն ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ եթե նոր Սահմանադրության ընդունման ու խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերում չհաջողի, իր քաղաքական առաքելությունն ավարտված կհամարի:: «Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ժողովուրդն ուզում է տեսնել այդ հանձնառությունը իրագործված, ուրեմն ժողովուրդի հետ միասին պետք է իրագործի: Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունը իրագործելու հանձնառություն, մի X պահի կարա պարզվի, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է», - այսօր ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ապա վարչապետն այսօր որպես հնարավոր ժամկետ նշեց 2027-2028 թվականները՝ ամենայն հավանականությամբ հույս ունենալով, որ մինչև այդ Հայաստանը կունենա նոր Սահմանադրություն: Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսին, Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ:
Աղբյուր՝ Ազատություն — Քաղաքականություն





