Տեխնոլոգիաներ
ԱԲ-ն նոր խոցելիություն է գտել, որից կարող է տուժել «համացանցի 70%-ը»
Աշխարհի բազմաթիվ երկրների կառավարություններ և ընկերություններ աշխատանքներ են տանում՝ պաշտպանելու իրենց առցանց համակարգերը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ արհեստական բանականությունը (ԱԲ) ծրագրային լուրջ խոցելիություններ է հայտնաբերել, որոնք կարող են ազդել միլիոնավոր կայքերի վրա։ Այդ խոցելիությունները հայտնաբերվել են PHP ծրագրավորման լեզվում, որով պատրաստված է աշխարհում առկա կայքերի զգալի մասը: Կիբեռանվտանգությամբ զբաղվող Wiz ընկերությունը գնահատում է, որ այս խոցելիությունների հետևանքով կտուժի համացանցի «մոտ 70%-ը», հայտնում է BBC-ն՝ նշելով, որ չի կարող անկախ կերպով ստուգել այդ թիվը։ Խոցելիությունները կարող են ազդել մոտ 30 միլիոն կայքերի վրա և թույլ տալ հարձակվողներին գողանալ անձնական տվյալներ, BBC-ին ասել են փորձագետները: Սուրեյի կիբեռանվտանգության կենտրոնի պրոֆեսոր Ալան Վուդվարդն ասել է, որ PHP ծրագրային լեզվում հայտնաբերված խոցելիությունները նշանակում են, որ հարձակվողը կարող է «իր սեփական կոդը մուտքագրել վեբ սերվերի վրա» և «հիմնականում անել այն, ինչ ցանկանում է»։ Եվրոպական մի շարք երկրներ նախազգուշական միջոցառումների շրջանակում անջատել են հանրային որոշ վեբ ծառայություններ, Վիքիպեդիան նույնպես անջատել է իր կայքի որոշ մասեր։ Մի շարք երկրների կառավարություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն խորհուրդ էին տվել անջատել կայքերը, եթե թերությունները հնարավոր չէ անմիջապես շտկել։ Wiz-ը, որն այն ընկերություններից մեկն է, որի հետազոտողները բացահայտել են խոցելիությունները, նշում է, որ դրանք «ամենալուրջ» թերություններն են, որ երբևէ բացահայտվել են արհեստական բանականության միջոցով:
Աղբյուր՝ Ազատություն — Տեխնոլոգիաներ





