Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված փաթեթը: Նախագծի համահեղինակ, պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետության բարձրացումն ու դեպքերի առավել զոհակենտրոն քննությունն ապահովելն է: «Ի՞նչ առանցքային փոփոխություններ են առաջարկվում. «Նախազգուշացման» վերացում. Առաջարկվում է հրաժարվել նախազգուշացումից՝ որպես պաշտպանական միջոցի, քանի որ այն իրական արդյունավետություն չի ապահովում: Փոխարենը կներդրվի բռնության ենթարկված անձի կանխարգելիչ հաշվառում, որպեսզի նա մշտապես մնա իրավապահների ուշադրության կենտրոնում: Ոստիկանության պարտադիր հաղորդում 12 ժամում. Ոստիկանության ծառայողը պարտավոր կլինի դեպքի մասին տեղեկանալուց հետո առավելագույնը 12 ժամվա ընթացքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել քննչական մարմնին, եթե առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ: Բացի այդ, ահազանգով մեկնելիս ոստիկանները պարտավոր կլինեն կրել տեսախցիկներ: Պաշտպանական որոշումների ժամկետների երկարաձգում. Քրեական վարույթի առկայության դեպքում պաշտպանական կամ անհետաձգելի միջամտության որոշումները կգործեն մինչև 2 ամիս ժամկետով՝ անկախ նախկին սահմանափակումներից, մինչև մեղադրյալը կալանավորվի կամ կիրառվեն հատուկ պաշտպանական միջոցներ: Պարտադիր վերականգնողական (ռեաբիլիտացիոն) ծրագրեր. Բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացիոն ծրագրեր անցնելը կդառնա պարտադիր ինչպես պաշտպանական, այնպես էլ անհետաձգելի միջամտության որոշումների պարագայում: Պարտականությունը չկատարելը կառաջացնի պատասխանատվություն: Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն. Ֆիզիկական բռնության հասկացությունը կներառի նաև աջակցող սարքերից (սայլակ, լսողական ապարատ և այլն) զրկելը կամ դրանք վնասելը: Եթե միջամտության որոշում է կայացվում հաշմանդամություն ունեցող անձի միակ խնամողի նկատմամբ, ոստիկանությունն անհապաղ պետք է ապահովի այլընտրանքային խնամք: Ավելի խիստ պատիժներ և համատեղ բնակության արգելք. Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության հանցակազմերը կառանձնացվեն առանձին գլուխներով՝ ավելի խիստ պատիժներով: Բացառվելու է պատասխանատվությունից ազատումը «գործուն զղջալու» հիմքով: Տնային կալանք չի կարող կիրառվել, եթե մեղադրյալն ու տուժողը ապրում են նույն հարկի տակ և հնարավոր չէ ապահովել տուժողի այլ բնակավայր տեղափոխվելը: Տուժողի մեկանգամյա հարցաքննություն. Երկրորդային վիկտիմիզացիայից խուսափելու նպատակով տուժողները կհարցաքննվեն միայն մեկ անգամ, բացառությամբ նոր ի հայտ եկած հանգամանքների»,- փոփոխությունները ներկայացրեց Բաթոյանը։ Փաթեթում առաջարկվում է ներառել նաև «Պրոբացիայի մասին» օրենքի և Քրեակատարողական օրենսգրքի լրացումները (ռեաբիլիտացիոն ծրագրերի մասով), որոնց ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվում 2028 թ. հուլիսի 1-ը: Թեև հանձնաժողովի նախագահ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը չհերքեց, որ առաջարկվող փոփոխություններն ու գործիքակազմերը խիստ անհրաժեշտ են, սակայն նա իր մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեց գործընթացի տեմպերի վերաբերյալ: Ըստ նրա՝ նման ծավալուն և հանրային մեծ հնչեղություն ունեցող փաթեթը արտահերթ ռեժիմով քննարկելը և նոր նախագծերով լրացնելը վնասում է օրենսդրության որակին, քանի որ պատգամավորներն ու հանձնաժողովի անդամները զրկվում են փաստաթղթին հանգամանալից ծանոթանալու և բովանդակային խորքային քննարկում ծավալելու հնարավորությունից: Մանրամասները՝ տեսանյութում։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել