Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինո Մաչադոն վերադարձել է Վենեսուելա։ Այդ մասին The New York Times-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Դավիդ Սմոլանսկին։ Լրագրող Թոնի Ֆրանխի Մավադը հրապարակել է Մաչադոյի լուսանկարները, որոնք արվել են Վենեսուելա վերադառնալուց հետո՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։ Primeras imágenes de María Corina Machado tras su regreso a Venezuela: se muestra acompañada por dirigentes de Vente Venezuela en una misa dominical en el santuario de la Divina Pastora en Lara. https://t.co/Fe8zeo8Lr5 — Tony Frangie Mawad (@TonyFrangieM) October 25, 2026 Primeras imágenes de María Corina Machado tras su regreso a Venezuela: se muestra acompañada por dirigentes de Vente Venezuela en una misa dominical en el santuario de la Divina Pastora en Lara. https://t.co/Fe8zeo8Lr5 Մաչադոյի վերադարձի մասին հայտնել է նաև Վենեսուելայի նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածու Էդմունդո Գոնսալեսը։ «Նրա հետ վերադառնում է նաև մեր ինքնիշխան ձայնը՝ այս գործընթացը ղեկավարելու և ճիշտ ուղղությամբ առաջնորդելու համար։ Շատ շուտով ես կլինեմ ձեր և նրա կողքին, որպեսզի մեր երկիրն իսկապես առաջ շարժվի դեպի ազատություն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Գոնսալեսը։ Մաչադոն ևս X-ում կարճ գրառում է արել՝ նշելով. «Ես այստեղ եմ։ Ձեզ հետ»։ Դեռևս հունիս ամսին Մաչադոյի՝ հայրենիք վերադառնալու ծրագրերի մասին հայտնել էր Bloomberg գործակալությունը։ Վերջինիս աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկացի մի քանի պաշտոնյաներ Մաչադոյին զգուշացրել էին, որ նրա վերադարձը կարող է բախումների հանգեցնել երկրի գործող իշխանությունների հետ։ Սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ընդհակառակը, աջակցում էին նրա՝ Վենեսուելա վերադառնալու գաղափարին։ Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը վերջին տասը տարիներին Մաչադոյին արգելել էր լքել երկիրը։ Այդուհանդերձ, նա գաղտնի հեռացել էր Վենեսուելայից և 2025 թվականի դեկտեմբերին ժամանել Օսլո, որտեղ նրան փոխանցվել էր նույն թվականի հոկտեմբերին շնորհված Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Մինչ այդ Մաչադոն գրեթե մեկ տարի թաքնվել էր Վենեսուելայում՝ խուսափելով իր նկատմամբ տրված ձերբակալման օրդերի կատարումից։ Մարիա Կորինա Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար ու խաղաղ անցման հասնելու համար մղվող պայքարի համար»։ Ավելի ուշ Մաչադոն Նոբելյան մրցանակի իր մեդալը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վերջինս մինչ այդ մի քանի անգամ դժգոհություն էր հայտնել, որ Խաղաղության Նոբելյան մրցանակն իրեն չի շնորհվել։ Այդուհանդերձ, Նոբելյան հանձնաժողովից հայտնել էին, որ մրցանակը չի կարող փոխանցվել։ Լուսանկարը՝ miamiherald.com-ից