Միջազգային
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են երեք երկրների աղբյուրներ, գրում է Meduza-ն։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի գնահատմամբ՝ Օրբանն «առանց առանձնակի դժվարությունների» կարող էր ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ութ անդամի ձայնը։ Նա իրատեսական է համարել նաև Անվտանգության խորհրդի 15 անդամներից տասի աջակցությունը։ ԱՄՆ ներկայացուցիչը Օրբանին անվանել է «MAGA շարժման պահպանողականների երազանքի թեկնածու»։ MAGA-ն (Make America Great Again՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք») Դոնալդ Թրամփի քաղաքական շարժումն է։ Նրա խոսքով՝ դա մեծապես պայմանավորված է զանգվածային ներգաղթի, լիբերալ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հունգարիայի ձախակողմյան հայացքներ ունեցող դատարանների և մամուլի դեմ Օրբանի ձեռնարկած քայլերով։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես աջակցում են այս գաղափարին։ ԱՄՆ-ի և ևս մեկ երկրի ներկայացուցիչները նշել են, որ երբ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նույն նպատակն են հետապնդում, սովորաբար հասնում են իրենց ուզած արդյունքին։ WSJ-ի հաղորդմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները կապ են հաստատել Օրբանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա հետաքրքրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնով։ Պարզվել է, որ նա պատրաստ է քննարկել այդ առաջարկը։ Միևնույն ժամանակ, Օրբանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը, եթե վստահ չլինի հաղթանակի հարցում։ Ինքը՝ Օրբանը, հրաժարվել է մեկնաբանություններից։ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հնգամյա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Վիկտոր Օրբանը Հունգարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2026 թվականի ապրիլի 12-ին կայացած Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ Թրամփի վարչակազմն աջակցել էր նրան, սակայն արդյունքում Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտություն էր կրել։ Խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստացել էր «Տիսա» կուսակցությունը, իսկ դրա առաջնորդ Պետեր Մագյարը գլխավորել է կառավարությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





