Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին կիրակի Կարակասում դիմավորել են հազարավոր կողմնակիցներ՝ շուրջ մեկ տարվա աքսորից գործչի վերադառնալուց հետո, գրում է DW-ն։ Նրա աջակիցները կանգնել են մայրուղիների, վճարովի ճանապարհների անցակետերի և քաղաքի փողոցների երկայնքով՝ ծածանելով Վենեսուելայի դրոշները և վանկարկելով «Ազատություն» ու այլ կարգախոսներ։ Մաչադոն մեքենաների և մոտոցիկլետների շարասյունով ուղևորվել է դեպի մայրաքաղաք Կարակաս։ Իր սովորական սպիտակ շապիկով և կապույտ ջինսով նա դուրս է եկել մեքենայի տանիքի բացվածքից, և երբ շարասյունը մտել է մայրաքաղաք, բացականչել է. «Այս երկիրը բոլորին դասեր է տալիս»։ Մաչադոն անցյալ տարվա դեկտեմբերին հեռացել էր Վենեսուելայից՝ ստանալու Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ավտորիտար կառավարմամբ Վենեսուելայում ժողովրդավարության խթանմանն ուղղված իր գործունեության համար։ Նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի կողմից ձերբակալվելու վտանգի առջև կանգնած՝ նա ապաստան էր գտել Կարակասում Արգենտինայի դեսպանատանը, ապա ԱՄՆ-ի աջակցությամբ գաղտնի դուրս բերվել երկրից։ Սկզբում նա չէր կարողանում վերադառնալ՝ իշխանությունների կողմից ձերբակալվելու մտավախության պատճառով։ ԱՄՆ-ի գլխավորած գործողության արդյունքում Նիկոլաս Մադուրոյի՝ իշխանությունից հեռացվելուց և ձերբակալվելուց հետո Մաչադոն իր Նոբելյան մեդալը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Սակայն Վենեսուելա վերադառնալու երկարատև անհնարինությունը մասամբ պայմանավորված էր նաև Թրամփի վարչակազմի դիրքորոշմամբ։ Մաչադոյին աջակցելու փոխարեն՝ Վաշինգտոնը որոշել էր սատարել ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Մաչադոյի խոսքով՝ նա բախվել է ճանապարհորդության սահմանափակումների և չվերթների չեղարկումների։ Դրա պատճառներից էին, մի կողմից, Թրամփի մտավախությունները, որ նրա ներկայությունը Վենեսուելայում կարող է սրել լարվածությունը իշխանափոխության անցումային շրջանում, իսկ մյուս կողմից՝ Ռոդրիգեսի միջամտությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից» Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար