Հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կանցկացվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական ծրագրի շրջանակում նախատեսված են գիտաժողով, ցուցահանդես և համերգ։ Հանրապետության հրապարակի պատմությանը նվիրված ցուցահանդեսում կներկայացվի շուրջ 40 արխիվային լուսանկար։ Միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին: Անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանին նվիրված «Կյանքը գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովի և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացմամբ հոկտեմբերի 28-ին կտրվի տոնական ծրագրի մեկնարկը։ Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Բացմանը կմասնակցի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը: Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, Արմենպրես լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից: Հանրապետության հրապարակի պատմությունը կամբողջացնի «Տերյան» մշակույթի կենտրոնի տարազների ցուցադրությունը: Միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 29-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում: Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ»։ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով