Միջազգային
Ռումինիան ռուս դիվերսանտների ցանց է բացահայտել, որը ծրագրում էր զենքի գործարան հրկիզել
Lուսանկարում ջրային ինքնակառավարվող սարք է, որը, ըստ Ռումինիայի, ոչնչացվել է Սև ծովում Ռումինիայի ափերի մոտ, 20-ը օգոստոսի, 2026 թ. Ռումինիայում դիվերսիոն ցանց է բացահայտվել, որն «ուղիղ համակարգվել է Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունների կողմից» և սեպտեմբերի 14-ին փորձել է հրկիզել Բրաշով քաղաքի կենտրոնական մասում գտնվող Carfil զենքի գործարանը, հայտնել է Ռումինիայի ներքին հետախուզության ծառայությունը: «Ռուս համակարգողները տարածաշրջանում խմբավորման համար թիրախների լայն ցանկ են սահմանել՝ զենքի արտադրության պետական և մասնավոր օբյեկտներ, ինչպես նաև ռազմական և արդյունաբերական հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտներ»,- Reuters-ը մեջբերում է հետախուզության հաղորդագրությունը։ Գործակալությունը չի կարողացել անմիջապես կապ հաստատել Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նշում է, որ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները: Կասկածյալների թվում են Բելառուսի երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացի։ Նրանցից երկուսը ձերբակալվել են Գերմանիայում՝ նմանատիպ դիվերսիաներ պլանավորելիս, իսկ երրորդը հետախուզվում է Լեհաստանում, հաղորդում է ռումինական Știri հեռուստաալիքը։ Բուխարեստը պահանջում է նրանց արտահանձնումը Ռումինիային։ Մեկ տարի առաջ Լեհաստանը և Ռումինիան ձերբակալել էին ութ անձի, որոնք կասկածվում են Ուկրաինա պայթուցիկ նյութեր պարունակող ծանրոցներ ուղարկելու ռուսական դավադրությանը մասնակցելու մեջ։ Ռումինիան, որը Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ է, Ուկրաինայի հետ ավելի քան 600 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման ունի։ Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը նախկինում հայտարարել է, որ Ռումինիան Ռուսաստանի հիբրիդային պատերազմի թիրախն է, որի նպատակն է ապակայունացնել այն երկրները, որոնք աջակցում են Ուկրաինային ռուսական ռազմական ագրեսիայից պաշտպանվելու գործում։ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նիկոլաեսկուն հայտարարել է, որ Բրաշովում հրդեհը «Եվրոպայում իրականացվող ավելի լայն դիվերսիոն արշավի մաս է», որի թիրախում պաշտպանական ոլորտի ձեռնարկություններն են, հաղորդում է AFP-ն։ Իր հերթին Ռումինիայի ներքին հետախուզության ծառայությունը հայտնել է, որ նման դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար սովորաբար սոցիալական ցանցերի միջոցով են մարդկանց հավաքագրում: Ընդորում, սկզբում գումար են առաջարկում «թվացյալ անվնաս առաջադրանքների» համար, ինչպիսիք են «հսկողությունը կամ որոշակի օբյեկտների լուսանկարումը»։ «Հետագայում առաջադրանքները դառնում են ավելի լուրջ և կարող են ներառել վանդալիզմի, հրկիզման կամ նույնիսկ սպանության գործողություններ», - ասվում է գերատեսչության զեկույցում։ Ամերիկյան The Wall Street Journal-ը հոկտեմբերի 20-ին գրել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կարգադրել ակտիվացնել ՆԱՏՕ-ի երկրների դեմ դիվերսիոն գործողությունները։ Ըստ թերթի՝ օգոստոսի 4-ին Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի անհաջող հարձակումը այս դիվերսիոն արշավի առաջին գործողություններից մեկն էր։ Ընդորում՝ գաղտնի գործողությունների ինտենսիվացումը համընկել է այն շրջանի հետ, երբ ռուսական բանակն Ուկրաինայում զգալի հաջողություններ չուներ, իսկ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին ուկրաինական բանակի հարձակումներն ավելի հաճախ էին դարձել, նշել էր պարբերականը: Ըստ թերթի՝ այդ միջադեպից հետո ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով Գերմանիայի կառավարությանը զգուշացրել էր, որ Լայպցիգը վերջին թիրախը չէ։ Լայպցիգից հետո Եվրոպայում տեղի ունեցան մի շարք նոր միջադեպեր: Օգոստոսին Էստոնիայում և Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարաններ հրդեհվեցին: Նույն ժամանակահատվածում Սլովակիայի իշխանությունները հայտնեցին նմանատիպ օբյեկտի հրկիզումը կանխելու մասին: Լեհաստանը, Լիտվան և Բուլղարիան հայտնեցին Starlink արբանյակային համակարգի ցամաքային կայանների վրա դիվերսիայի մասին:
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային





