Կրեմլում հույս ունեն, որ Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի արդյունքում իշխանության եկող նոր քաղաքական ուժը կշարունակի Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության կուրսը։ Մոսկվան պատրաստ է դրան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքում իշխանության եկող նոր քաղաքական ուժին, ապա մենք հույս ենք հայտնում, որ նրա գործողությունները կառուցողականորեն ուղղված կլինեն հարաբերությունների հետագա զարգացմանը, և որ այդ քաղաքական ուժը կհասկանա՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Սերբիայի շահերից, քանի որ դա նախևառաջ ձեռնտու է հենց Սերբիային»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը, իր հերթին, մտադիր է շարունակել ամեն կերպ նպաստել Բելգրադի հետ հարաբերությունների զարգացմանը։ «Սակայն, ինչպես գիտեք, տանգոն երկուսով են պարում»,- նշել է Պեսկովը։ Կրեմլում նաև հույս ունեն, որ Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում, կշարունակի իր ներդրումն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում։ «Մենք բարձր ենք գնահատում այն ներդրումը, որն Ալեքսանդր Վուչիչն ունեցել է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Գիտենք, որ նա շարունակելու է իր գործունեությունը քաղաքական դաշտում, և հույս ունենք, որ նույնիսկ ընդդիմության կազմում գտնվելով՝ նա կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին Նմանատիպ նյութեր «Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT «Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել