Մինչ մեքենայի համար լիզինգային պայմանագիր կնքած և այն այդպես էլ չստացած Սուրեն Նազարյանը փորձում է ելքեր գտնել ու դիմել է փաստաբանի օգնությանը, «ԱյԴի Լիզինգ» վարկային կազմակերպությունը նրան դատի է տվել՝ պահանջելով բռնագանձել ավելի քան 8 մլն դրամ և օրական տույժեր։ Իսկ Սուրենի դիմումի հիման վրա այս դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս ողջ ընթացքում մեքենայի գումարը վերցրած, բայց այն այդպես էլ չմատակարարած «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Արտյոմ Արշակյանը շարունակում է «Import Auto» անունով ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում ակտիվ գովազդել մեքենաներ, որոնք պատրաստ է ներմուծել հաճախորդների համար։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 3-ին վարույթ է ընդունել «ԱյԴի Լիզինգ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) հայցադիմումն ընդդեմ Սուրեն Նազարյանի և Ասյա Սեփխանյանի։ Վարկային կազմակերպությունը դատարանի միջոցով փորձում է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել ավելի քան 8 միլիոն դրամ։ Օգոստոսի 11-ին «Հետք»-ը գրել էր, որ Չինաստանից էլեկտրոմոբիլ ներմուծելու նպատակով «ԱյԴի Լիզինգ»-ի և «Եուրո Մոտիվ» ընկերության հետ պայմանագիր կնքած Սուրեն Նազարյանը 8 ամիս անց հայտնվել է փակուղում․ մեքենան այդպես էլ Հայաստան չի հասել։ Պայմանագիրը կնքվել է 2026 թվականի հունվարի 12-ին։ «ԱյԴի Լիզինգ»-ն ու «Import Auto»-ն քաղաքացուն կանգնեցրել են փակուղու առաջ․ մեքենան չկա, տոկոսները կուտակվում են Սուրեն Նազարյանը չի կատարել ամսական վճարումները՝ համարելով, որ իր իրավունքները խախտվել են, քանի որ ինքը մեքենան չի ստացել։ Ասյա Սեփխանյանը նրա երաշխավորն է։ «ԱյԴի Լիզինգ»-ը պատասխանողներից պահանջում է վճարել 8 մլն 69 հազար դրամ, որից 7 մլն 310 հազար դրամը լիզինգի պայմանագրի շրջանակներում մատակարարին փոխանցված գումարն է, իսկ 759 հազար դրամը՝ պայմանագրով սահմանված նախավարձը։ Բացի դրանից, ընկերությունը պահանջում է հայցադիմումը դատարան մուտքագրելու հաջորդ օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը մատակարարին փոխանցված կանխավճարի և նախավարձի ընդհանուր գումարի նկատմամբ հաշվարկել ու բռնագանձել տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.13%-ի չափով, որը կազմում է օրական 10 490 դրամ։ Վարկային կազմակերպությունը նաև պահանջում է բռնագանձել 242 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Ավելի վաղ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ «ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի տնօրեն Վադիմ Զալեևը հայտնել էր, որ ընկերության և Սուրեն Նազարյանի միջև կնքված լիզինգային պայմանագրի համաձայն՝ լիզինգի առարկայի (ավտոմեքենայի) մատակարարին ընտրել է հաճախորդը։ Նա շեշտել էր, որ նման դեպքերում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում մատակարարի ընտրության կամ նրա կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման համար։ Իսկ Սուրեն Նազարյանը մեզ պատմել է, որ մեքենայի ձեռքբերման գործընթացը սկսել է բանկերի և վարկային կազմակերպությունների առաջարկների ուսումնասիրությունից։ Արդյունքում ընտրել է «ԱյԴի Լիզինգ»-ը։ Վարկային կազմակերպությունից թեև չեն ժխտել, որ կա կազմակերպությունների հստակ շրջանակ, որոնց հետ աշխատում են, սակայն նշել են, որ իրավասու չեն հայտնելու, թե որոնք են դրանք։ Առաջարկել են, որ հաճախորդն ինքը նշի կազմակերպության անունը, իսկ իրենք կհաստատեն՝ համագործակցո՞ւմ են տվյալ ընկերության հետ, թե՞ ոչ։ Սուրենը լսել էր, որ ֆինանսական կազմակերպությունները, սովորաբար, իրենց հետ համագործակցող ընկերություններին ստուգում են անվտանգային և ռիսկերի գնահատման ընթացակարգերով։ Քանի որ հաստատել են «Եուրո Մոտիվ»-ի հետ համագործակցությունը, Սուրենը կարծել է, որ գործ ունի վստահելի կազմակերպության հետ։ Հիշեցնենք, որ «ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն ներառված է «ID Group»-ում, որի մաս են կազմում նաև «ԱյԴի Բանկ»-ն (IDBank) ու «Իդրամ»-ը (Idram)։ Պայմանագրի մյուս կողմը՝ «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ն, որը վերցրել է մեքենայի գումարն ու այն այդպես էլ չի մատակարարել, ամբողջությամբ պատկանում է Արտյոմ Հրաչի Արշակյանին։ Նա նաև ընկերության տնօրենն է և «Import Auto» անունով ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում ակտիվորեն գովազդում է ավտոմեքենաների ներմուծում։ Մեր հոդվածներին ոչ Արտյոմ Արշակյանը, ոչ էլ ընկերության որևէ այլ ներկայացուցիչ պաշտոնապես չեն արձագանքել։ Առաջին հոդվածի հրապարակումից հետո, սակայն, «Import Auto»-ի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում նշել էին, թե կապ չունեն գործարքի հետ։ Մինչդեռ պայմանագրում նշված հասցեն, էլեկտրոնային փոստը և մեքենայի ձևակերպման ժամանակ Սուրենի հետ աշխատած անձինք նույնն են։ Վարկային կազմակերպությունը «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ին է փոխանցել պայմանագրով ամրագրված՝ 13.3 մլն դրամ արժողությամբ Lixiang L6 Max մոդելի էլեկտրոմոբիլի արժեքի 70%-ը՝ 9.3 մլն դրամ։ Այդ գումարից 2 մլն դրամը Սուրենը վճարել է որպես կանխավճար, իսկ մնացած 7.3 մլն դրամը տրամադրել է «ԱյԴի Լիզինգ»-ը։ Սուրենը նշում է, որ իրեն հասանելի միջոցներով, նշված մեքենայի VIN ծածկագրով պարզել է, որ մեքենան ձեռք չի բերվել և Հայաստան չի ներմուծվել։ Բացի այդ, Սուրեն Նազարյանը նշում է, որ «Եուրո Մոտիվ» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Արշակյանի անձնական հաշվեհամարին փոխանցել է ևս 572 հազար դրամ՝ առանց որևէ պայմանագրի։ Այդ գումարով, իբր, Չինաստանում գտնվող կազմակերպությունը պետք է թաղանթապատեր մեքենան։ Ուշագրավ է, որ մատակարար ընկերությունը պահանջել է նշված 572 հազար դրամը փոխանցել ոչ թե կազմակերպության հաշվեհամարին, այլ տնօրենի՝ Արտյոմ Արշակյանի անձնական հաշվեհամարին։ Այդ գումարը ևս մինչ օրս չի վերադարձվել։ Արդյո՞ք «Եուրո Մոտիվ»-ը և անձամբ Արտյոմ Արշակյանը պատրաստվում են այդ գումարները հետ տալ, կամ ի՞նչ ելքեր են տեսնում այս պահին, մեզ անհայտ է։ Սուրեն Նազարյանը Քննչական կոմիտեից ծանուցում է ստացել, որ այս պատմության առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ինքը (2026 թ. սեպտեմբերի 4-ին) ճանաչվել է տուժող։ Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշեց, որ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն): Կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ Քննչական կոմիտեից առայժմ չեն հայտնում։ Այս պատմության առնչությամբ երկրորդ գրավոր հարցումն ենք ուղարկել «ԱյԴի Լիզինգ»-ին (2026 թ. սեպտեմբերի 25-ին)։ Վարկային կազմակերպությունից որևէ պատասխան չստանալով՝ հոկտեմբերի 7-ին լրացուցիչ ճշտել ենք՝ պատասխանելո՞ւ են հարցմանը։ Երկու դեպքում էլ պատասխան չենք ստացել։ Հարցրել ենք՝ արդյո՞ք «ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ-ն դատական հայց է ներկայացրել նաև «Եուրո Մոտիվ» ընկերության դեմ։ Արդյո՞ք «ԱյԴի Լիզինգ»-ը «Եուրո Մոտիվ» ընկերության կամ նրա տնօրինության դեմ հանցագործության մասին հաղորդում (քրեական վարույթ նախաձեռնելու դիմում) ներկայացրել է իրավապահ մարմիններին (օրինակ՝ խարդախության կամ պարտավորությունները չկատարելու հատկանիշներով)։ Եթե ոչ, խնդրել ենք նշել՝ ի՞նչ հիմնավորմամբ է վարկային կազմակերպությունը դատի տվել պայմանագրի մի կողմին, իսկ մյուս կողմին՝ ոչ։ Արդյո՞ք 2026 թվականի օգոստոսի 3-ից հետո (մինչ այդ կատարվածի վերաբերյալ «Հետք»-ը հարցմամբ ստացել է վարկային կազմակերպության մեկնաբանությունները) մատակարարին գտնելու, բանակցելու կամ իրավական ճանապարհով գումարները հետ ստանալու փորձեր արվել են, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ «ԱյԴի Լիզինգ»-ը շարունակո՞ւմ է համագործակցել «Եուրո Մոտիվ»-ի հետ, թե՞ ընկերությունը հայտնվել է «սև ցուցակում»։ Արդյո՞ք վարկային կազմակերպությունը պատրաստ է կամ քննարկում է սառեցնել տույժերի ու տոկոսների հաշվարկը կամ առաջարկել հաշտության համաձայնություն քաղաքացուն՝ մինչև մատակարարի հետ կապված իրավիճակի վերջնական հստակեցումը։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը ևս ուսումնասիրել է այս պատմությունը։ ԿԲ-ն «ԱյԴի Լիզինգ»-ի գործողություններում որևէ էական բացթողում չի արձանագրել կամ գոնե մեզ այդ մասին չի հայտնում։ Սակայն ուշագրավ է, որ չնայած վարկային կազմակերպության հավաստիացումներին, թե ուսումնասիրել է մատակարարի հուսալիությունը, ԿԲ-ն պնդում է, որ «ԱյԴի Լիզինգ»-ը որևէ մասնակցություն չի ունեցել ընտրության հարցում։ Բացի այդ, Սուրեն Նազարյանը նշում է, որ Google Drive-ի հղումով տրամադրված փաստաթղթում նշված է եղել․ մեքենան չմատակարարելու դեպքում վարկային կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, և լիզինգառուն պարտավոր է վճարել վարկի գումարը։ ԿԲ-ին հարցրել ենք՝ արդյո՞ք սա համարվում է պատշաճ իրազեկում։ Կենտրոնական բանկի պատասխանից ենթադրվում է, որ «ԱյԴի Լիզինգ»-ը պայմանագրի ամենառիսկային կետերից մեկը փաստացի թողել է ստվերում։