Մշակույթ
Անշարժ գույքի փաստաթղթերի համար միասնական էլեկտրոնային համակարգ կստեղծվի
Կադաստրի կոմիտեն առաջարկում է ստեղծել անշարժ գույքի փաստաթղթերի և դրա նկատմամբ կիրառված սահմանափակումների միասնական էլեկտրոնային համակարգ։ Դրա միջոցով պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները կկարողանան էլեկտրոնային եղանակով տվյալներ փոխանցել և ստանալ։ Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է համակարգը բաժանել երեք հիմնական մասի՝ իրավահաստատող փաստաթղթերի, գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների և համակարգի կառավարման բաժինների։ Դրանց միջոցով հնարավոր կլինի հավաքագրել, մշակել և պահպանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև սահմանափակումներ կիրառելու կամ դրանք վերացնելու վերաբերյալ որոշումները։ Համակարգից տվյալներ ստանալու և այն տվյալներով համալրելու համար կօգտագործվեն մի քանի աղբյուրներ։ Դրանց թվում են Անշարժ գույքի պետական ռեգիստրը, Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների հարթակը և հասցեների ռեեստրը։ Տվյալներ ներկայացնելու հնարավորություն կունենան նաև բնակչության պետական ռեգիստրը, պետական և տարածքային կառավարման մարմինները, համայնքները, նոտարական համակարգը և սահմանափակումներ կիրառելու իրավասություն ունեցող մարմինները։ Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի ունենալ համապատասխան իրավասություն և նույնականացվել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Նախագծով նախատեսվում է նաև սահմանել այն դեպքերը, երբ համակարգը կարող է մերժել ներկայացված տվյալների մուտքագրումը։ Մերժումը պետք է արձանագրվի, իսկ տվյալները ներկայացրած մարմինը պետք է ծանուցվի դրա մասին։ Այս կարգավորումը նպատակ ունի կանխել սխալ կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող տվյալների մուտքագրումը։ Առանձին անդրադարձ է կատարվում տեղեկատվական անվտանգությանը։ Նախագծով նախատեսվում է կիրառել ISO/IEC 27001 և ISO/IEC 27701 միջազգային ստանդարտները, որոնք վերաբերում են տեղեկատվական անվտանգության կառավարմանը և անձնական տվյալների պաշտպանությանը։ Համակարգի համար սահմանվում է նաև C2I2A2 անվտանգության դասը։ Այն նախատեսում է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության միջին մակարդակի ապահովում։ Բացի այդ, նախատեսվում է պարբերաբար կրկնօրինակել տվյալները և արտակարգ իրավիճակներում վերականգնել դրանք, որպեսզի տեխնիկական խափանումների կամ այլ խնդիրների դեպքում հնարավոր լինի պահպանել տեղեկատվությունը։ Ըստ նախագծի հեղինակների՝ նախագծի ակնկալվող արդյունքը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տվյալների միասնական հավաքագրումն ու պահպանումն է։ Համակարգը պետք է հեշտացնի իրավասու մարմինների միջև տվյալների փոխանակումը և նպաստի դրանց ամբողջականության, հուսալիության ու անվտանգ օգտագործման ապահովմանը։ Նախագծի ընդունման հետ կապված լրացուցիչ ծախսերի չափը դեռ հստակեցված չէ։ Ծախսերի գնահատականը հնարավոր կլինի կազմել բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազայի գործարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատանքներն ավարտելուց հետո։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





