Քաղաքականություն
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների առաջին երեք ժամերի ընթացքում ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել։ Այս մասին հայտնել է Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է DW-ն։ Հանձնաժողովի տվյալներով՝ մինչև առավոտվա կեսը ընտրություններին մասնակցել էր ընտրողների 16,68%-ը։ Սա 1981 թվականից ի վեր քվեարկության այս փուլում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ 2022 թվականի ընտրությունների նույն ժամին մասնակցությունը կազմել էր 15,9%։ «Մինչև առավոտյան ժամը 10-ը քվեարկել էր ավելի քան 1,2 միլիոն իսրայելցի»,- հայտնել է հանձնաժողովի ղեկավարի պաշտոնակատար Դին Լիվնեն։ 1990-ականներին Իսրայելի խորհրդարանական ընտրություններին ընդհանուր մասնակցությունը մոտեցել էր 80%-ի, սակայն 2000 թվականից ի վեր այն չի գերազանցել 72,3%-ը։ 2022 թվականի վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել էր 70,6%։ Ակնկալվում է, որ արաբական ծագումով իսրայելցիների մասնակցությունը հատկապես կարևոր կլինի, քանի որ արաբական կուսակցությունները կարող են վճռորոշ դեր խաղալ կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցություններում։ «Մեր քվեն կփոխի իշխանությունը»,- քվեարկելուց հետո հայտարարել է իսլամիստական «Ռաամ» կուսակցության ղեկավար Մանսուր Աբբասը՝ հավելելով, որ հույս ունի՝ արաբական համայնքներում ընտրողների մասնակցությունը կգերազանցի 70%-ը։ Իսրայելի արաբները կազմում են ընտրողների ընդհանուր թվի շուրջ 18%-ը։ Նախընտրական հարցումները վկայում էին, որ նրանց մասնակցությունը կարող է զգալիորեն աճել։ New Arab պարբերականի ներկայացրած Midgam հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ արաբական համայնքում ընտրողների մասնակցությունը կարող է հասնել 62-63%-ի՝ նախորդ ընտրությունների շուրջ 53%-ի համեմատ։ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող The National պարբերականն էլ, հղում անելով իր աղբյուրներին, կանխատեսել է արաբ ընտրողների «աննախադեպ բարձր» մասնակցություն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը Նմանատիպ նյութեր Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





