ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Խոսելով 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին՝ Բարխուդարյանը համոզմունք է հայտնել, որ կատարվածը խոշոր պետության ծրագիր էր։ «Ակնհայտ է, որ խոշոր պետություններից մեկի ծրագիրն էր, դա պատահական չէր, մինչև վերջ չեն բացահայտվել կազմակերպիչները: Մեծ մասը իրենք էլ չգիտեն ովքեր են»,- նշել է նա՝ հստակեցնելով, թե ում էր դա ձեռնտու․ «Դա ռուսական արտաքին հետախուզության կազմակերպված… օպերացիա էր»։ Որպես իր խոսքի հիմնավորում՝ բանախոսը հիշեցրել է ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտնի բացահայտումը։ «…Խոստովանեց տարիներ անց Լիտվինենկոն, հիշո՞ւմ եք՝ իրենց արտաքին հետախուզության գործակալներից էր, որ փախավ Լոնդոն՝ Բերեզովսկու մոտ, հետո սպանեցին: Այ ինքը, երբ որ արդեն մահամերձ էր, ինքը ասեց, որ դա ռուսական արտաքին հետախուզության կազմակերպված… օպերացիա էր փաստորեն»,- նշել է Լևոն Բարխուդարյանը։ Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի նպատակն էր կանխել սահմանների բացումը և Արևմուտքի ազդեցության մեծացումը տարածաշրջանում։ Անդրադառնալով 1990-ականներին ԼՂ հարցի կարգավորման և Մեղրիով ճանապարհ տալու հնարավոր տարբերակներին՝ նա ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը «վերջին հաշվով համաձայն էին այդ տարբերակին»։ Բարխուդարյանը հավելել է նաև, որ ահաբեկիչների բուն թիրախը հենց այս երկու գործիչներն էին. «Երկու նպատակ կար, մնացածները ուղղակի պատահական զոհեր էին»։ Համեմատականներ տանելով 90-ականների ճգնաժամային տարիների և ներկայիս տնտեսական ռիսկերի միջև (մասնավորապես՝ ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում)՝ նախկին նախարարը հիշեցրել է. «Ամեն շաբաթ Վրաստանով եկող գազատարը պայթեցվում էր ադրբեջանցիների կողմից, որ Երևանում ընդամենը երկու ժամ էր լինում [գազ]… Ջեռուցում չկար, անտառներ էին հատում և այլն, բայց ապրեցինք, վերապրեցինք դա… Եվ մենք դիմակայեցինք»։ Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը և դեպի Եվրոպա շուկաների դիվերսիֆիկացմանը՝ Բարխուդարյանը նշել է, որ թեև դա բարդ է, բայց հնարավոր է։ «Շատ ակտիվ աշխատանք պետք է անել: Սա գուցե նաև առիթ է արագացնելու այդ դիվերսիֆիկացիան: Դրանից պետք է օգտվել, և Եվրոպան պատրաստ է մեզ օգնել: Ուղղակի պետք է դիմել, նպատակային աշխատել, մեր արտահանողների հետ, ձեռնարկությունների հետ աշխատել, ստանդարտներին մոտեցնել… Դա անհնարին բան չէ, ինչ-ինչ դա երկու տարում հանգիստ հնարավոր է իրականացնել»,- եզրափակել է նա։ Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։ COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր