Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է քաղաքացիներին հնարավորություն տալ առցանց հարթակի միջոցով անվճար ծանոթանալու բնակչության պետական ռեգիստրում իրենց մասին պահպանվող տեղեկություններին։ Նախատեսվում է այդ տվյալներին հասանելիությունն ապահովել էլեկտրոնային եղանակով՝ առանց պետական մարմին դիմելու անհրաժեշտության։ ՆԳՆ-ն որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել։ Հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց անձնական տվյալները, քաղաքացիության և իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունները, հաշվառման հասցեները և կոնտակտային տվյալները։ Հասանելի կլինեն նաև իրենց անչափահաս երեխաների, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց վերաբերյալ տվյալները՝ օրենքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ։ Քաղաքացիները հնարավորություն կունենան նաև դիտելու իրենց հետ փոխկապակցված այլ անձանց վերաբերյալ սահմանափակ տեղեկություններ, ինչպես նաև՝ իրեն սեփականության կամ գնման իրավունքով պատկանող գույքի հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ տվյալները։ Ըստ նախագծի՝ քաղաքացիները կկարողանան հետևել, թե ով և երբ է հասանելիություն ստացել իրենց տվյալներին։ Հարթակում կարտացոլվեն տվյալներին հասանելիություն ստացած մարմնի կամ անձի, դրա իրավական հիմքի, ժամանակի և հասանելի դարձված տեղեկությունների վերաբերյալ տվյալները՝ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանակում։ Նախատեսվում է նաև քաղաքացիներին հնարավորություն տալ հարթակի միջոցով սահմանափակելու կամ դադարեցնելու մասնավոր ընկերությունների հասանելիությունն իրենց տվյալներին՝ օրենքով թույլատրելի դեպքերում։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հասանելիության սահմանափակումը կամ դադարեցումը կիրականացվի կառավարչի կողմից՝ համապատասխան իրավական հիմքերի գնահատման արդյունքում։ Ըստ հիմնավորման՝ այս մոտեցումը նպատակ ունի ապահովել անձի՝ իր տվյալների նկատմամբ վերահսկողության հնարավորությունը՝ միաժամանակ պահպանելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ հասանելիությունը։ Հարթակ մուտք գործելը նախատեսվում է իրականացնել ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ խիստ նույնականացման պահանջների պահպանմամբ։ Հարթակը չի պահպանելու տվյալների առանձին բազա․ տեղեկությունները յուրաքանչյուր հարցման ժամանակ ինքնաշխատ կստացվեն բնակչության պետական ռեգիստրից, որպեսզի քաղաքացիներին տրամադրվեն արդիական տվյալներ։ Հարթակը հասանելի կլինի շուրջօրյա՝ բացառությամբ տեխնիկական սպասարկման, արդիականացման կամ խափանումների դեպքերի։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել անձանց՝ բնակչության պետական ռեգիստրում իրենց վերաբերյալ առկա տեղեկություններին պարզ, անվտանգ և անվճար թվային հասանելիություն՝ նվազեցնելով տեղեկություններ ստանալու համար առանձին դիմումներ ներկայացնելու և պետական մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ «Տվյալների նկատմամբ իրականացված գործողությունների և հասանելիության պատմության դիտման, ինչպես նաև օրենքով թույլատրելի դեպքերում հասանելիության սահմանափակման կամ դադարեցման հնարավորությունները կբարձրացնեն անձնական տվյալների մշակման թափանցիկությունը և անձանց վերահսկողությունն իրենց վերաբերյալ տեղեկությունների օգտագործման նկատմամբ։ Միաժամանակ Նախագիծը կնպաստի բնակչության պետական ռեգիստրի թվային ծառայությունների զարգացմանը, անձանց արդիական տեղեկությունների տրամադրմանը և նրանց իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների ձևավորմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Հարթակի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման, ռեգիստրի հետ կապի և տվյալների անվտանգ հասանելիության ծախսերն, ըստ նախագծի հիմնավորման, դեռ պետք է գնահատվեն։ Լուսանկարը՝ pixabay.com-ից