Քաղաքականություն
Միրզոյան. «Գնանք հանրաքվեի, եթե նոր Սահմանադրությունը չանցնի, հրաժարական կտանք»
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկում է աջակցել իրենց՝ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելուն, ապա գնալ հանրաքվեի. եթե հանրաքվեով այն չանցնի, ասաց՝ հրաժարական կտան, կհեռանան: «Ուզո՞ւմ եք խաղաղության պայմանագիր, վերաբանակցել չե՞ք ուզում, ահա, սա շատ կարևոր պատմական արձանագրում է՝ ընդդիմադիր խմբակցությունը համարում է, որ նախաստորագրված տեքստը վերաբանակցելու կարիք չկա: Ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել, ուզո՞ւմ եք, ընտի՛ր: Հասկացե՞լ եք, որ մեզ հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է, մնացածը չի անցնում. ռազմական հեղաշրջում փորձել եք, կղերաֆեոդալական շարժում փորձել եք, մահափորձ փորձել եք, կաշառել փորձում եք մինչև հիմա, ֆիքսենք՝ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը ընտրությունն է: Հետևաբար՝ ձեզ օր առաջ պետք է գնալ ժողովրդի մոտ քվեարկության: Եկեք մենք բերենք Սահմանադրությունը, դուք այստեղից ասեք՝ «այս նախագիծը դատապարտում ենք, գնանք հանրաքվեի»: Դա առիթ է, ժողովուրդը կասի՝ «ոչ», մենք հրաժարական կտանք, կգնանք», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Միրզոյանը: Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այն որակեց հետաքրքիր առաջարկ, իսկ խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառներով հետաքրքրվող՝ խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը հարցրեց. - «Ձեր առաջարկածը վստահության հանրաքվե՞ն է»: Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ ոչ՝ Սահմանադրության: «Դրա հետ մեկտեղ դնո՞ւմ եք ձեր վստահության հանրաքվեն»,- շարունակեց Վարդևանյանը: Միրզոյանն էլ արձագանքեց, թե իրենք պատասխանատու ուժ են: Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել Սահմանադրության փոփոխության պահանջը, նաև ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին, թե Հիմնական օրենքի փոփոխությունից բացի է՞լ ինչ նախապայման ունի Բաքուն: «Ադրբեջանը բանակցությունների ընթացքում Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում, ուղղակի մենք որ ասում ենք՝ «եկեք ստորագրենք», իրենք ասում են՝ «մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի»: Ադրբեջանը հրապարակային ասում է՝ «փոխված չտեսնենք, չհանգստանանք՝ չենք ստորագրի պայմանագիրը»: Մենք էլ ասում ենք՝ ամեն ինչ պետք է անենք, որ ստորագրենք»,- նշեց արտգործնախարարը: Միրզոյանը կոչ արեց ընդդիմությանը այս հարցում համագործակցել: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը խնդրեց հստակեցնել՝ սա վերջի՞ն նախապայմանն է, որ Բաքուն ներկայացնում է Երևանին: «Իրենք չեն ասում՝ «գնացեք, սա արեք, հետո եկեք», իրենք ասում են՝ «այո, դա ձեր գործն է, բայց [...] մինչև դա չկա, մեզ մի ասեք՝ եկեք ստորագրենք», - արձագանքեց նախարարը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային անդամ Արարատ Միրզոյանի առաջարկից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սահմանադրության հարցը ներքին օրակարգ է, որը ամեն դեպքում կունենա տարածաշրջանային կոնկրետ ազդեցություն: «Պարոն Միրզոյանն էլ հարցին տվեց մի փոքր միջազգային և տարածաշրջանային կոնտեքստ, իսկ ընդդիմությունն էլ ասաց, թե կա՞ երաշխիք, որ դա վերջին կետն է: Այս խոսակցությունը շատ հետաքրքիր է, թեև չպլանավորված ու չհամաձայնեցված էր: Ես այսօրվա խոսակցությունը կընդունեմ ի գիտություն, որովհետև մինչև այս պահը խոսակցությունն ինձ համար ներքին տրամաբանության մեջ էր, հարցեր են հնչել, որոնք թեման տեղափոխել են միջազգային տրամաբանություն: Միջազգային տրամաբանությունը հետազոտելու և հարցերին պատասխանելու համար այս հարցը վերցնում եմ և առաջիկայում կկենտրոնանամ այդ հարցի պատասխանի վրա, չեմ բացառում՝ այդ հարցի պատասխանից բխող առաջարկ անելու վրա, եթե կոնկրետ հարցի կոնկրետ պատասխանն ունենամ, իսկ ես կաշխատեմ, որ ունենամ, կարծում եմ՝ կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել», - ասաց վարչապետը՝ ըստ էության պատասխանելով ոչ թե «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, այլ շարունակելով Արարատ Միրզոյանին: Պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց, թե ընդդիմությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանի առաջարկից է հրաժարվում, այլ՝ Ալիևի: «Ակնհայտ է, որ խորհրդարանի այս համամասնությունը ձևավորվել է այն օրակարգով, որ Դուք դրել եք: Այս ահաբեկումները Դուք եք մարդկանց ասել, որ եթե չստանաք սահմանադրական մեծամասնություն, կլինի աղետաբեր պատերազմ: Հետաքրքիր բան եք վերջերս ասում, թե ձեր քաղաքական առաքելությունը ավարտված կհամարեք, եթե Սահմանադրությունը չփոխվի, Ձեր քաղաքական առաքելությունը հունիսի 7-ին ավարտվել է», - ի պատասխան՝ հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: Ընդդիմությունն ընդհանուր առմամբ քննադատում է իշխանությանը, որ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման TRIPP-ը համաձայնագիրը վավերացրեցին, արտգործնախարար Միրզոյանը ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր կոչ արեց ընդդիմությանը աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» նոր Սահմանադրության ընդունման համար: «Այդքան մտահոգ եք՝ եկեք հաստատենք, գնանք Սահմանադրության հանրաքվեի», - ընդդիմությանը դիմեց նախարարը: Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:
Աղբյուր՝ Ազատություն — Քաղաքականություն





